Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դիլիջանի «Իմպուլսը» «Բանանցի» արհեստական խոտածածկով մարզադաշտում իր 2-րդ ստուգողական հանդիպումն անցկացրեց նորաստեղծ «Ուրարտուի» հետ և հաղթեց խոշոր՝ 3:0 հաշվով: «Իմպուլսի» կազմում հանդիպմանը մասնակցեցին բոլոր 4 լեգեոներները՝ Իլիասու Ալհասանը, Ֆիլիպ Տիմովը, Մաքսիմ Պուզանովը և Դիեգո Կաստրոն: Բացակայում էին վնասվածք ստացած Նարեկ Դավթյանը, ով հունվարի 29-ին մեկնել է Մյունխեն` բուժզննման, և Նորայր Գյոզալյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հենց խաղասկզբից նախաձեռնությանը տիրեց «Իմպուլսը» և շուտով կարողացավ 2 գոլի հեղինակ դառնալ: Նախ 11 մետրանոց հարվածով խաղի հաշիվը բացեց Արթուր Բարսեղյանը, իսկ այնուհետև գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ֆիլիպ Տիմովը: 2-րդ խաղակեսի հենց սկզբում Արթուր Բարսեղյանն այս խաղում 2-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3:0:
«Իմպուլսի» առավելությունը բացահայտ էր, և հանդիպման հաշիվը կարող էր շատ ավելի մեծ լինել, սակայն նոր գոլ չգրանցվեց: Սա այս տարի «Իմպուլսի» տոնած առաջին հաղթանակն էր: Հաջորդ ընկերական հանդիպումը «Իմպուլսը» կանցկացնի իր 1-ին ուսումնամարզական հավաքի վերջին օրը՝ փետրվարի 5-ին` Հայաստանի չեմպիոն «Ուլիսի» հետ: