Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայրիկյանի շտաբը ընտրությունները հետաձգելու կամ չհետաձգելու մասին հայտարարություն կանի վաղը
Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբը կատարվածի վերաբերյալ հայտարարություն կանի վաղը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կայանալիք ասուլիսում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հայրիկյանի շտաբի պետ Մանյա Այվազյանը:
«Մենք գնահատականներ կտանք վաղը հիվանդանոցում կայանալիք ասուլիսում: Այս պահին ուղղակի մեկ բան կարող ենք ասել` ձեռք բարձրացնելով Հայրիկյանի վրա, իրենք ձեռք են բարձրացրել մեր պետականության, մեր անկախության, մեր ազատության վրա», -փոխանցեց տիկին Այվազյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է Պարույր Հայրիկյանը դիմի Սահմանադրական դատարան անհաղթահարելի խոչընդոտի պատճառով ընտրությունները հետաձգելու համար, տիկին Այվազյանը պատասխանեց. «Եթե այսօր ԿԸՀ-ն նման հայտարարություն չանի, մենք ասուլիսի ժամանակ կհայտարարենք մեր ասելիքը»:
Սահմանադրության 52 հոդվածը սահմանում է. «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով»: Վարդան Այվազյանը Panorama.am-ին հայտնել էր, որ անհաղթահարելի խոչընդոտներ ճանաչում է Սահմանադրական դատարանը: Սահմանադրության 100-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված գործերի քննությունը գլխում նշվում է, որ Սահմանադրության 100-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված` իրենց առնչվող հարցերով սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության Նախագահի թեկնածուները:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հունվարի 31-ին, ժամը 23.30-ի Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Պ. Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: