Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի նախաձեռնությամբ Հայաստանում հաշմանդամային սպորտի հեռանկարներին նվիրված քննարկմանը մասնակցել են ոլորտը ներկայացնող շուրջ 10 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին` նախարարը կոչ է արել բոլորին` լինել առավելագույնս անկեղծ և առաջ քաշել կոնկրետ առաջարկություններ` հասարակության խոցելի շերտի ներկայացուցիչների ներգրավվածությունը սպորտում ավելի նպատակային և արդյունավետ դարձնելու համար:
«Լավագույն մարզական արդյունքներ հնարավոր կլինի գրանցել միայն համատեղ և համակարգված աշխատելու դեպքում»,- ասել է նախարարը:
Նրա խոսքերով` արդեն իսկ Կառավարություն է ներկայացվել Հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017թթ ծրագիրը, որում ներառված են ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ և տրված են դրանց լուծման ուղիները:
«Մենք ակնկալում ենք ձեր՝ որպես հաշմանդամ մարզիկների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ունենալ ակտիվ մասնակցություն այդ ծրագրի իրականացման գործընթացում»,- նշել է Հ. Ռոստոմյանը:
Ըստ նախարարի` կարևորը սպորտի մասսայականացումն է և, որքան հնարավոր է, մեծ թվով հաշմանդամների մասնակցությունը սպորտային միջոցառումներին:
«Եթե պետք լինի, կարելի է նախաձեռնել և անցկացնել մրցաշարեր նոր մարզաձևերից՝ նարդի, շախմատ և այլն: Անհրաժեշտ է այնպես անել, որ հաշմանդամ մարզիկները հնարավորություն ունենան ավելի հաճախ շփվել միմյանց հետ: Ավելի կարևոր է նրանց ինտեգրումը հասարակությանը, քան մարզական նվաճումները և մեդալները»,- շեշտել է Հ. Ռոստոմյանը:
Ներկաները շնորհակալություն են հայտնել նախարարին հանդիպման համար և նշել, որ նմանատիպ միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում հենց ոլորտի ղեկավարի կողմից: Նրանք հույս են հայտնել, որ պետական աջակցության շնորհիվ հնարավոր կլինի լուծել ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին սերտ համագործակցել հաշմանդամային սպորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ, հավաքագրել նրանց բոլոր առաջարկությունները և հաջորդ շաբաթվա ընթացքում կազմակերպել նոր հանդիպում` այդ առաջարկությունները քննարկելու և միջոցառումների ծրագիրը կազմելու համար: