«Խորհրդարանական մեկ ամբողջ օր նվիրվեց կրթական ոլորտի հարցերի քննարկմանը»
Իրավունք
20:02 05/02/2013

«Խորհրդարանական մեկ ամբողջ օր նվիրվեց կրթական ոլորտի հարցերի քննարկմանը»

 Այսօր ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 Ըստ աղբյուրի` օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է կրթության ոլորտի ներկա բարեփոխումներով, որոնք հիմնականում ուղղված են Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացմանը: Նշվեց, որ կրթության բնագավառի հետագա զարգացումներում առաջնային տեղ է տրվելու մասնագիտական կրթության ոլորտին:

  Նախարարի տեղեկացմամբ՝ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում արդեն իրականացվում են բարեփոխումներ, որոնք միտված են եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելուն: Արմեն Աշոտյանը նկատել է, որ շարունակելով ընթացիկ ծրագրերը` մշակվում է մասնագիտական կրթության համալիր վերակառուցման ռազմավարություն` բարեփոխումներն արագացնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ըստ նախարարի՝ իրավական ակտի ընդունումը բխում է կրթական ոլորտում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ուենալու, ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելու անհրաժեշտությունից, ինչը կնպաստի կրթության բնագավառում իրականացվող կրթական գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը:

 ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում կարևորել է  կրթական ոլորտում պետական միասնական քաղաքականություն վարելու, պետական միասնական չափորոշիչ, վերահսկողություն և գնահատական տալու խնդիրները:

 Գլխադասային հանձնաժողովը նախագծին տվել էր դրական եզրակացություն, որը ներկայացրել է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարինե Պողոսյանը: Պատգամավորը նշել է, որ նախագծի ընդունմամբ բոլոր ուսումնական հաստատությունների համար ստեղծվում են միասնական վերահսկման մեխանիզմներ՝ միտված լինելով կրթության որակի բարձրացմանը և համակարգի արդյունավետ գործունեությանը: Կարինե Պողոսյանը տեղեկացրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունները բխում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքից:

 Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց ելույթներում Աժ պատգամավորները կարևորել են կատարվող փոփոխությունները և արդարացված համարեցին լիցենզավորման վերաբերյալ խստացումները: Ըստ Արա Բաբլոյանի՝ լիցենզավորումը մեխանիկական գործընթաց չէ, այն հնարավորություն է տալիս ունենալու բժշկական համակարգ և որակ: Պատգամավորը կարծում է, որ հարցի կարգավորման պատասխանատվությունն իր վրա վերցրած պետության հիմնական նպատակը պետք է լինի որակյալ բժշկություն և բարձր մակարդակի առողջապահություն ունենալը:

 Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ քննարկվող հարցը կարևոր է ոչ միայն այսօրվա Հայաստանի, այլև ապագա սերունդների համար: «Կրթության որակը և կրթության մրցունակ լինելը մեր հասարակության գերակա խնդիրներից մեկն է»,-ասել է ԱԺ փոխնախագահը: Էդուարդ Շարմազանովը կարևոր, բայց նաև մի փոքր ուշացած է համարել կառավարության նախաձեռնությունը: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ և՛ պետական, և՛ լիցենզավորված մասնավոր բուհերը պետք է ապահովեն կրթության բարձր որակ, որի վերահսկողությունը պետք է իրականացնի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

 «ԲՀԿ» խմբակցության անունից ելույթ ունեցող խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ պետության կարևորագույն խնդիրներից է ունենալ գրագետ սերունդ և ապահովել որակյալ կրթություն: Ըստ խմբակցության քարտուղարի՝ պետական բուհերում կրթական չափորոշիչները որոշ չափով պահպանվում են, ինչը չի կարելի ասել մի շարք մասնավոր բուհերի մասին:

 Իր հերթին` ելույթ ունենալով «Օրինաց երկիր» խմբակցության անունից՝ Մհեր Շահգելդյանը նշել է, որ որոշ երկրներում պետությունը ոչ միայն իրականացնում է լիցենզավորման կամ վերահսկողության գործընթացը, այլև միայն ինքն իրեն է վերապահում այդ ոլորտում մասնագետների վերապատրաստումը: Ըստ Մհեր Շահգելդյանի՝ կրթությունը չի կարող համարվել միայն բիզնես, որովհետև կրթության ոլորտը կրում է սոցիալական ծանրաբեռնվածություն:

Եզրափակիչ ելույթում Արմեն Աշոտյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին և տվել պարզաբանումներ: Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատրաստ է աշխատել առաջարկներ ներկայացրած հեղինակների հետ: Նախարարը տեղեկացրել է, որ մշակման փուլում գտնվող «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հնարավորություն կտա մանրամասն քննարկելու բարձրագույն կրթության առկա խնդիրները և կառավարության կողմից առաջարկվող լուծումները:

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախարարը նշել է, որ փոփոխությունը վերաբերում է 16-րդ հոդվածին, որի շարադրանքը չի բխում ժամանակակից մոտեցումներից, պարունակում է հակասություններ ստեղծող ձևակերպումներ: Մասնավորապես, օրդինատուրան, որը ներկա օրենսդրությամբ ներկայացվում է որպես գիտական կադրերի պատրաստման մեխանիզմ, իրականում մագիստրատուրային համարժեք կրթություն է ապահովում: Բացի այդ, ինչպես պարզաբանել է Արմեն Աշոտյանը, օրենքի 4-րդ և 5-րդ մասերում «որպես կանոն» արտահայտությունը տարաբնույթ ընկալումների տեղիք է տալիս, սահմանափակում անձանց շրջանակը, ում կարող է շնորհվել գիտական կոչում, ստեղծում մի շարք այլ ռիսկեր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոչումեր տրվում են տարիների վաստակի, գիտության ոլորտում ներդրած ավանդի և գիտամանկավարժական գործունեության համար՝ օրենքի գործող 16-րդ հոդվածի փոփոխությունը կընձեռի հնարավորություն կառավարության սահմանած կարգով և չափանիշների հիման վրա գիտական կոչումեր շնորհել գիտության, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի վաստակաշատ աշխատողներին:

 Ազգային ժողովին ներկայացնելով հարցի էությունը՝ ԿԳ նախարարը շեշտել է, որ խնդիրները զգայուն են, քանի որ մեր երկրում մեծ կարևորություն է տրվում գիտամանկավարժական ոլորտին:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին է միջազգային փորձը գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտում:

 Ինչպես նշել է Արմեն Աշոտյանը, միջազգային փորձը խայտաբղետ է. տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ են դրսևորում, իսկ Հայաստանի ընտրած ուղին համահունչ է ոլորտում մեր երկրում որդեգրած քաղաքականությանը, եվրոպական կրթական տարածքի պահանջներին:

Պատասխանելով պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին՝ նախարարը նկատեց, որ ոլորտին վերաբերող միասնական քաղաքականություն դեռևս չի սահմանվում նաև Բոլոնիայի գործընթացով. մի շարք հարցերի կարգավորումերը նախատեսվում են առաջիկա տարիների ընթացքում:

 Ըստ աղբյուրի` պատգամավորներից ոմանք դեմ են արտահայտվել այն հանգամանքին, որ գիտական կոչումների շնորհումը կատարվելու է կառավարության սահմանած կարգով և չափանիշներով՝ նշելով, որ ցանկալի է՝ վերջիններս ամրագրված լինեն օրենսդրությամբ: Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասել է, որ խստացվելու են ատենախոսությունների նկատմամբ պահանջները, կիրառվելու են հաշվելի և չափելի չափորոշիչներ: Նրա խոսքով՝ կառավարությունը վստահություն է խնդրում խորհրդարանից չափորոշիչներ որոշելու հարցում:

 Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արտակ Դավթյանն առաջարկել է գրավոր առաջարկությունները ներկայացնել հանձնաժողով և մասնակցել դրանց քննարկումներին:

 Հարցի վերաբերյալ իրենց ելույթներում պատգամավորներ Մհեր Շահգելդյանը, Ստեփան Մարգարյանը, Արծվիկ Մինասյանը հիմնականում շեշտել են այն դիրքորոշումը, որ կարգավորման մեխանիզմները պետք է լինեն առավել հստակ, դրանց ձևակերպումները տեղ գտնեն օրենքում:

Արտահերթ ելույթում Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նկատել է, որ մեկ ամբողջ օր նվիրվեց կրթական ոլորտի հարցերի քննարկմանը, ինչն, ըստ նրա, պատահական չէ. կրթության ոլորտը կարևորագույններից է մեր երկրում: Ինչպես նշել է Աժ փոխնախագահը, քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներն ունեցան շահագրգիռ մասնակցություն քննարկումներում, և ծավալված բանավեճը ցույց տվեց՝ կրթության և գիտության ոլորտը մեր երկրի ապագան է, իսկ խնդիրները բոլորին են հուզում: Նրա խոսքով՝ կրթության ոլորտում որակական նոր մակարդակ ենք բարձրացել. փոխվել են ոլորտին ուղղված պետության պատվերն ու պահանջները, բավական մեծ գործ է կատարված: Հերմինե Նաղդալյանն արձանագրել է, որ կառավարությունը կարողանում է շիտակ վերլուծություն անել, վեր հանել խնդիրները, դրանց լուծման ուղիներ գտնել. նրան չվստահելու պատճառ չկա:

Եզրափակիչ ելույթում Արմեն Աշոտյանն ասել է, որ ներկայացված օրինագիծը լավ առիթ էր խորհրդարանի բարձր ամբիոնից հնչեցնելու ոլորտին վերաբերող բազմաթիվ խնդիրներ և համատեղ ուժերով լուծումներ փնտրելու:

 Այնուհետև Ազգային ժողովում տեղի է ունեցել «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը: Հիմնական զեկուցող, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է 10-րդ հոդվածի 5-րդ մասի «տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման» բառերը փոխարինել «միջազգային վիճակագրական համագործակցության» ձևակերպմամբ: Օրենսդրական փոփոխությունը հիմնավորվում է միջազգային վիճակագրական համագործակցության հարաբերություններում վիճակագրության պետական լիազոր մարմնի ներկայացուցչի ներկայացուցչականության աստիճանի բարձրացման անհրաժեշտությամբ:

 Հարցի քննարկումը խորհրդարանը կշարունակի փետրվարի 6-ի նիստում:

 

Placeholder
«Խորհրդարանական մեկ ամբողջ օր նվիրվեց կրթական ոլորտի հարցերի քննարկմանը»