Գործարարի 2-րդ արշավը «Ժողովուրդ» թերթի դեմ. Ընդհանուր պահանջը 6 մլն դրամ է
Իրավունք
11:33 06/02/2013

Գործարարի 2-րդ արշավը «Ժողովուրդ» թերթի դեմ. Ընդհանուր պահանջը 6 մլն դրամ է

«X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատական արշավ է սկսել «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ: Հունվարի 25-ին նրա կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 2-րդ հայցադիմումը, տեղեկացնում են թերթից:

Այս անգամ ևս օլիգարխն իբր իրեն վիրավորելու և զրպարտելու համար պահանջում է 3 մլն դրամ (ևս 200 հազար` փաստաբանների աշխատանքի համար): Փաստորեն, Խաչիկ Խաչատրյանը ընդհանուր հաշվով «Ժողովուրդ» օրաթերթից պահանջում է 6 մլն 200 հազար դրամ: 

Հիշեցնենք, որ խոսքն այն օլիգարխի մասին է, որն իրեն անցանկալի հարց տալու համար «Ժողովուրդ»-ի թղթակցին անվանել էր «պրաստիտուտկա»` պահանջելով դա ևս հրապարակել: Արդյունքում «Ժողովուրդ» օրաթերթը Խաչատրյանի հրապարակային ներողությանը կես ամիս սպասելուց հետո դեկտեմբերի 28-ին հայց էր ներկայացրել` գործարարից պահանջելով ներողություն խնդրել: Սակայն «Ժողովուրդի» հայցադիմումից 12 օր անց միայն հասկանալով, որ ինքը ևս վիրավորվել է, օլիգարխն իր հերթին միանգամից 2 հայց է ներկայացրել` ներողությունից խուսափելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ մինչև վերջ կպայքարի իր արժանապատվությունը արդեն 6 մլն դրամ գնահատող Խաչիկ Խաչատրյանի «դիմակը պատռելու» համար: «Կարծում ենք` բոլորին էլ հասկանալի է, որ այդ պարոնը խնդիր է դրել խոչընդոտել օրաթերթի բնականոն գործունեությունը: Բայց հատուկ Խաչատրյանի և նրա հովանավորների համար ընդգծենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի տպագրվել անխափան` հաղթահարելով բոլոր խոչընդոտները, -ասված է օրաթերթի տարածած հայտարարության մեջ:

Հարակից հրապարակումներ. Մեկնարկեց երթ` ի պաշտպանություն «Ժողովուրդ» օրաթերթի (լուսանկարներ)

«Ժողովուրդի» դեմ հայց. «Յուրաքանչյուր անձ իրավասու է վերականգնել իր խախտված իրավունքը»

Պաշտպանը զորակցություն է հայտնում «Ժողովուրդ»-ին ու դատարանների մեղքով տառապող մեր ժողովրդին

Placeholder
Գործարարի 2-րդ արշավը «Ժողովուրդ» թերթի դեմ. Ընդհանուր պահանջը 6 մլն դրամ է