Սյունիքի արոտավայրերը Իրանին վաճառելու մասին իրավական որևէ փաստաթուղթ չկա. Նախարարը հանգստացրել է մտահոգվածներին
Հասարակություն
18:02 06/02/2013

Սյունիքի արոտավայրերը Իրանին վաճառելու մասին իրավական որևէ փաստաթուղթ չկա. Նախարարը հանգստացրել է մտահոգվածներին

Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ևս շարունակվեց Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանի Իսլամական հանրապետությանը վարձակալության տալու մասին վիճահարույց հարցի քննարկումը: Հարցը բարձրացրեց ԱԺ Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը և մի քանի հարց տվեց կառավարությանը. ի՞նչ է տալու այս գործարքը Հայաստանի Հանրապետությանը և տարածաշրջանի գյուղացիությանը, ինչո՞ւ հնարավոր չէր պետականորեն երաշխավորել մսամթերքի, կաթնամթերքի իրացում և անասնաբուծության զարգացմանը մասնակից դարձնել մեր գյուղացիությանն ու տնտեսվարողներին, կառավարությունը գիտակցո՞ւմ է պետական և համայնքային հողերը օտարերկրյա իրավաբանական անձանց վարձակալության տալու տնտեսական, քաղաքական ու բնապահպանական հետևանքները:

Նա ակնկալում էր, որ հարցին կպատասխանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն կառավարության ղեկավարը նախընտրեց, որ հարցին կպատասխանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նախարարը հայտարարեց, որ որևէ օտարերկրյա պետությանը ՀՀ որևէ տարածք սեփականության իրավունքով տրվել չեն կարող, բայց վարձակալությամբ կարող են: Իսկ Սյունիքի մարզպետարանը վարձակալությամբ հողատարածք, ըստ նախարարի, կարող է տալ բացառապես մրցույթի միջոցով, բայց առանց մրցույթի դա կարող է անել կառավարությունը: Դա նաև կարող է արվել միջազգային պայմանագրի հիման վրա, սակայն այդպիսի պայմանագիրը պետք է անցնի խորհրդարանով ու ստորագրվի Հանրապետության նախագահի կողմից:

«Բարեբախտաբար, այս ընթացակարգերը չեն իրականացվել, և այդ փասըաթուղթը, որի մասին մենք խոսում ենք, որևէ ընթացակարգ չէ, ոչ էլ միջազգային պայմանագիր է, և կողմերից որևէ մեկի համար որևէ պարտավորություն չի առաջացնում»:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի զարգացմանը, Հրայր Թովմասյանն ասաց, որ հնարավոր է այդ և հատկապես Սիսիանի ու Եղեգնաձորի տարածաշրջանն օգտագործել անասնապահության զարգացման համար:

«Այս առումով` եթե նման մի հարց երբևէ քննարկվի, չի կարող լինել որևէ մարզպետարանի մի աշխատակցի արևմտահայերենով թարգմանված փաստաթղթի տակ դրված ստորագրության հիման վրա: Մեր օրենսդրությունը այդ իմաստով շատ խիստ է, հրապարակայնության բավականին մեծ դաշտ է սահմանում», -հայտարարեց Հրայր Թովմասյանը:

Խնդրով մտահոգվածներին նախարարը հանգստացրեց և ասաց, որ անհանգստանալու առիթ չկա, քանի որ իրավական հիմք ունեցող որևէ փաստաթուղթ չկա:

Նշենք, որ Սյունիքի արոտավայրերը Իրանին տրամադրելու հարցը բարձրացրել է Panorama.am-ը և պահում է իր ուշադրության կենտրոնում: Այսօր արդեն դիմել ենք Արդարադատության նախարարությանը մի շարք հարցերով`

1. Ըստ ՀՀ օրենսդրության, մարզպետարանը, համայնքի ավագանին, մասնավորը կամ անհատ քաղաքացին իրավունք ունե՞ն առանց ՀՀ կառավարության համաձայնության մի քանի տարով ուրիշ պետության վարձակալության տալ մարզի տարածքում գտնվող համայնքին պատկանող հողատարածքները:

2. Հողատարածքներ ուրիշ պետությանը վարձակալության տրամադրելու վերաբերյալ իրավական ակտերը ի՞նչ ընթացակարգ պետք է անցնեն:

3. Օրերս մամուլում հրապարակվեց երկու հուշագիր: Մեկը` «Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև», որը ստորագրված է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգի միջև, մյուսը` կոչվում է «Համաձայնագիր», ստորագրվել այս տարվա հունվարի 15-ին հայկական պատվիրակության ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգ կատարած այցի ընթացքում: Այդ երկու փաստաթղթում էլ Սյունիքի հողատարածքների վարձակալման վերաբերյալ պայմաններ են պարունակում: Հիշյալ երկու փաստաթղթերի ստորագրման վերաբերյալ նախարարությունը տեղյա՞կ է եղել: Օրենքով սահմանված ի՞նչ ընթացակարգեր են խախտվել:



Նախորդող հրապարակումներ`

ՀԱՐՑԱԴՐՈՒՄ. Պետությունը վարկ է վերցնում հողի համար ու այն վարձով տալիս ուրիշի

Սյունիքի արոտավայրերը «կարժանանան» իրանականի ճակատագրին. Մտահոգված է իրանահայ անասնաբույժը

Հայկական կողմը չգիտի՞ ինչ անի

Սյունիքի արոտավայրերը` Իրանին. Ինչքա՞ն տարածքի, ի՞նչ գնի ու ժամկետի մասին է խոսքը
 
 Ա. Վարդանյանը` Սյունիքի արոտվայրերն Իրանին տրամադրելու մասին. Նախ պետք է հաշվի առնել մեր երկրին սպառնացող ռիսկերը

 

Placeholder
Սյունիքի արոտավայրերը Իրանին վաճառելու մասին իրավական որևէ փաստաթուղթ չկա. Նախարարը հանգստացրել է մտահոգվածներին