Զբոսաշրջային փառատոներ և մշակութային ցուցահանդեսներ՝   «Հայկական օրեր Իսպանիայում» ծրագրի շրջանակներում
Տնտեսություն
16:10 06/02/2013

Զբոսաշրջային փառատոներ և մշակութային ցուցահանդեսներ՝ «Հայկական օրեր Իսպանիայում» ծրագրի շրջանակներում

2013 թվականի աշնանը «Հայկական օրեր Իսպանիայում» ծրագրի շրջանակներում Մադրիդում և երկրի մի շարք քաղաքներում կկազմակերպվեն զբոսաշրջային փառատոներ և մշակութային ցուցահանդեսներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:

Փոխնախարարի խոսքերով՝ Իսպանիա կատարած այցի շրջանակներում Մադրիդում հայկական պատվիրակության և Իսպանիայի թագավորության արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության հարցերով քարտուղարության միջև ստորագրվել է «Զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Այցի շրջանակներում, ըստ Ա.Պետրոսյանի, ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության քարտուղարի, իսպանական հյուրանոցային ցանցերի ներկայացուցիչների և իսպանական «SEGITTUR» պետական գործակալության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, հանաձայն որ՝ այս տարվա ապրիլին նրանք կայցելեն Հայաստան` զբոսաշրջության զարգացման հեռանկարներին և ներդրումային հնարավորություններին տեղում ծանոթանալու և իսպանական հյուրանոցային ցանցերի՝ հայաստանյան շուկա ներգրավման վերաբերյալ բանակցությունները շարունակելու նպատակով:

Էկոնոմիկայի փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ Իսպանիա կատարած այցի ժամանակ հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Իսպանիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորությունները:

Իսպանիայի Թագավորությունում հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև «FITUR» միջազգային ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված «Identify Opportunities in the Tourism Sector in Emerging Europe» կլոր սեղանին, որի ընթացքում Հայաստանը լայն լսարանին ներկայացվել է որպես զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ երկիր: Ցուցահանդեսի ժամանակ կայացել է նաև իսպանացի հեղինակ Խոսե Մարիա Կալի «Հայաստան. հպարտություն և կիրք» խորագրով 234 էջանոց զբոսաշրջային ուղեցույցի շնորհանդեսը:

 

Placeholder
Զբոսաշրջային փառատոներ և մշակութային ցուցահանդեսներ՝ «Հայկական օրեր Իսպանիայում» ծրագրի շրջանակներում