Արհեստականորեն բարդեցված, հավելյալ աժիոտաժ պարունակող երկիմաստ առաջադրանքներ թեստերում չեն ներառվելու. Վստահեցնում է Աշոտյանը
Կրթություն, գիտություն
14:56 07/02/2013

Արհեստականորեն բարդեցված, հավելյալ աժիոտաժ պարունակող երկիմաստ առաջադրանքներ թեստերում չեն ներառվելու. Վստահեցնում է Աշոտյանը

Բուհերի ընդունելության քննություններն իրենց որակով չպետք է զիջեն 2012 թվականի ընդունելության քննություններին: Այսօր կառավարության նիստում հայտատարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ նախորդ տարվա ընդունելության քննությունները լավագույնն էին, եթե հաշվի առնվի մեր քաղաքացիների վերաբերմունքը դրանց ընթացքին, և արդյունքներին:

Վարչապետի խոսքերով՝ այսօր կան մտահոգություններ թեստերի վերաբերյալ, քանի որ շտեմարանները թարմացվում են: «Մասնավորապես, Հայոց լեզվի թեստերի վերաբերյալ, որ կարող են դրանք լինել շատ ավելի բարդ, քան նախորդ տարվա քննության թեստերն էին: Դրանցում կարող են լինել այնպիսի հարցեր, որ մեր երիտասարդները պատշաճ ձևով չկարողանան պատրաստվել քննություններին»,- նշեց Տ.Սարգսյանը:

Նա դիմեց կրթության և գիտության նախարարին՝ նշելով, թե ինչ պետք է ձեռնարկեն, որպեսզի այդ մտահոգությունները փարատվեն:
Ի պատասխան՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ 2012 թ-ի ընդունելության քննությունների վերաբերյալ դրական գնահատականը տրված է նաև կառավարության մեկ տարվա գործունեությանը վերաբերող սոցիոլոգիական հարցման մեջ, բնակիչները հատուկ նշել են և որպես դրական միտում են արձանագրել։ «Մենք չենք ունեցել որևէ լուրջ ահազանգ այդ տարիների ընթացքում»,- նշեց նա:

Ա.Աշոտյանի խոսքերով՝ վարչապետի հանձնարարականների դեպքում կլինի այն խոստումը, որ տրվել է նախարարության կողմից՝ որևէ ծրագրից դուրս որևէ թեստ չի լինելու քննական առաջադրանքների մեջ, արհեստականորեն բարդացված թեստեր և հավելյալ աժիոտաժ պարունակող երկիմաստ առաջադրանքներ նույնպես չեն ներառվելու:

ԿԳ նախարարը վարչապետին խնդրեց գրավոր հանձնարարականը իր ղեկավարած նախարարությանը և Գնահատման թեստավորման կենտրոնին՝ համատեղ աշխատելու համար, որպեսզի քննական թերթիկների բովանդակությունը լինի ամբողջությամբ կրթական ծրագրի շրջանակներում:

Placeholder
Արհեստականորեն բարդեցված, հավելյալ աժիոտաժ պարունակող երկիմաստ առաջադրանքներ թեստերում չեն ներառվելու. Վստահեցնում է Աշոտյանը