Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է. Հնարավոր է դիմեն ՍԴ
Քաղաքական
14:35 07/02/2013

Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է. Հնարավոր է դիմեն ՍԴ

Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, և նրա առողջական վիճակը վատթարացել է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց Հայրիկյանի շտաբի համակարգող Մանյա Այվազյանը:
«Նրա առողջական վիճակը ավելի է վատացել, խնդիրներ են առաջացել, բայց ես կոնկրետ տեղեկություն չեմ կարող տալ, մնացածը բժիշկները կասեն», -նկատեց Մանյա Այվազյանը:

Հետաքրքրվեցինք` եթե Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է, հնարավո՞ր է թեկնածուն դիմի Սահմանադրական դատարան, Մանյա Այվազյանը պատասխանեց. «Հայրիկյանի փաստաբանը իր հայտարարության մեջ ասել էր, որ այժմ (նկատի ունի այն պահին, երբ հայտարարություն արվեց -հեղ.) մենք չենք դիմում Սահմանադրական դատարան: Ես չեմ բացառում ոչինչ, բայց այժմ միանշանակ չեմ կարող ասել` մենք դիմում ենք, թե ոչ»:

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավին, ապա Այվազյանն ասաց, որ Հայրիկյանի նախընտրական շտաբը քարոզարշավն իրականացնում է առանց իրենց թեկնածուի:

Նշենք, որ հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Պ. Հայրիկյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Նշանակվել էին համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Հայաստանի Սահմանադրության համաձայն, թեկնածուն, անհաղթահարելի խոչընդոտների առաջացման դեպքում, կարող է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու խնդրանքով:

Placeholder
Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է. Հնարավոր է դիմեն ՍԴ