Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս տարվա կեսերին շահագործման է հանձնվելու Երևանի երթևեկության բեռնաթափման համար կարևոր երկու խոշոր տրանսպորտային հանգույց՝ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող արագընթաց մայրուղին և Ուլնեցի–Ռուբինյանց հանգույցը։ Այս մասին ասուլիսում տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
Տարվա ընթացքում, նրա ներկայացմամբ, կառուցվելու և շահագործման է հանձնվելու ևս 8 վերգետնյա անցում, որոնք բնակիչների կողմից պահանջարկված են, վերգետնյաների կառուցման համար ընտրվում են ուսումնական ու առևտրային հոսքերին մոտ հատվածները։
2013-ի տարեկան ծրագրով հիմնանորոգվելու են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների առանցքային դեր կատարող խոշոր փողոցները, այդ թվում վարչական շրջանները միմյանց կապող և դեպի մարզեր տանող փողոցները։ Ծրագրում ներառված 30 խոշոր փողոցներում նորոգման աշխատանքները կմեկնարկեն գարնանից։ Ասֆալտապատման ծրագիրը կազմում է ծուրջ 2.5 մլն կմ ծավալ:
Գարնանից Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ է լինելու նաև բակային տարածքների նորոգման ու կառուցման աշխատանքներին։ Այս տարի էլ, ինչպես 2012 թվականին, 400 բակ է շահագործման հանձնվելու։ Կ. Արեյանի վստահեցմամբ, բարեկարգված բակերում լինելու է այն ամենը, ինչ անհրաժեշտ է բակային տարածքին՝ մանկական, սպորտային խաղեր, նստարաններ, կանաչ գոտի, լուսավորություն, ցայտաղբյուրներ: Նա հայտնեց, որ «Փյունիկ» բարեգործական ընկերությունը արդեն տրամադրել է 830 միավոր սպորտային և 40 միավոր մանկական խաղ, որոնք բաշխված են վարչական շրջաններին և բակերի բարեկարգումից հետո տեղադրվելու են նախատեսված վայրերում։ Ըստ 2013–ի տարեկան ծրագրի, վարչական շրջաններում կառուցվելու են մեծ հանգստի գոտիներ:
Կանաչապատման տարեցտարի ավելացող ծավալները պահպանելու և այս տարի էլ ընդլայնելու նպատակով, 2013–ին Երևանում ևս 20 կմ ոռոգման նոր ցանց է կառուցվելու (2012–ին Երևանի ոռոգման ցանցը համալրվել էր 14 կմ–ով)։ «Երևանում դեռ ունենք չմշակված գազոնային տարածքներ, որոնք լայն ծավալով ներգրավելու ենք նոր սիզամարգեր և ծաղկապատ տարածքներ ստեղծելու համար։ Քաղաքապետին կից բնապահպանական խորհուրդն արդեն ներկայացրել է այն ծառատեսակների ցանկը, որոնք նպաստավոր են Երևանի համար։ Դա հիմնավոր մասնագիտական կարծիք է մեզ համար»,- ասաց փոխքաղաքապետը։