Վայրի շները հոշոտել են Կենդանաբանական այգու հայկական երեք մուֆլոնների
Հասարակություն
14:42 10/02/2013

Վայրի շները հոշոտել են Կենդանաբանական այգու հայկական երեք մուֆլոնների

Երևանի Կենդանաբանական այգում հերթական արտակարգ դեպքն է գրանցվել. վայրի շները հոշոտել են հայկական 3 մուֆլոնների: Նախօրեին լրատվամիջոցներով լուրը տարածվելուց հետո Կենդանաբանական այգու ղեկավարությունը պաշտոնապես հաստատեց փաստը՝ նշելով, որ այգու արտաքին ցանկապատերը հիմնանորոգման կարիք ունեն:

«Փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը տխուր դեպքը նորովի վեր հանեց այն փաստը, որ Երևանի կենդանաբանական այգու արտաքին ցանկապատերը հիմնանորոգման կարիք ունեն: Գիշերվա մթության մեջ վայրի շները ներխուժել էին Մուֆլոնների ազատավանդակ և սպանել երեք կենդանի:

Այգին ցավում է այս տխուր պատահարի համար, քանի որ մուֆլոնը Հայաստանի էնդեմիկ, վտանգված կենդանատեսակ է: Այնուամենայնիվ, անցած տարի մեկնարկած վերարտադրման ծրագիրը, որը նպատակ ունի վայրի բնության համար մուֆլոններ բազմացնելու, հաջողությամբ շարունակվում է՝ չնայած երեք կենդանիների կորստին: Մուֆլոնների ազատավանդակը գտնվում է զառիթափի վրա, որը սահմանակից է թփերով, ժայռերով և ծառերով շրջապատված մի վայրի տարածքի:

Այս տարածքում բնակվում են վայրի շներ, որոնք հավանաբար ընտրել են հենց այս տարածքը նրա դժվար հասանելիության պատճառով: Այգին արդեն դիմել է «ՅունիգրաֆԻքս» ընկերությանը՝ միջոցներ ձեռնարկել խնդիրը հրատապ լուծելու համար: Չնայած այգու ղեկավարությունը դեռ ամիսներ առաջ նախաձեռնեց այգու վնասված ցանկապատերի վերանորոգումը, այնուամենայնիվ հիմնական խնդիրը կարող է լուծվել միայն հին ցանկապատերի ամբողջովին նորերով փոխարինելու դեպքում: Կենդանաբանական այգու կենդանիների անվտանգությունը ապահովելու համար նոր տարածքների կառուցումը և այգու սահմանների ճշգրտումը գլխավորում են այգու առաջիկա ամիսների անելիքների ցուցակը»:

Placeholder
Վայրի շները հոշոտել են Կենդանաբանական այգու հայկական երեք մուֆլոնների