ԲՀԿ-ն Էթիկայի հանձնաժողովում դեմ է քվեարկել պատգամավորների վարքի վերաբերյալ նախագծերին
Իրավունք
16:48 11/02/2013

ԲՀԿ-ն Էթիկայի հանձնաժողովում դեմ է քվեարկել պատգամավորների վարքի վերաբերյալ նախագծերին

Այսօր ԱԺ Էթիկայի հանձնաժողովը այսօրվա նիստում մերժեց երկու ամսից ավելի հանձնաժողովի օրակարգում գտնվող ԱԺ Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուսատմայնի դիմումը` արտահերթ նիստը բոյկոտած պատգամավորների էթիկայի մասին: 

ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը Էթիկայի հանձնաժողով էր դիմել դեռ նոյեմբերի 28-ին նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի ա), գ), զ) կետերով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը քննելու և համապատասխան որոշում կայացնելու խնդրանքով: Դիմումին կից ներկայացվել է այդ պատգամավորների ցանկը:

Այս առնչությամբ, «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ինչպես նիստից հետո հայտարարել է Էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, հիշյալ դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել որոշման երկու նախագիծ:

Դրանցից մեկը հանձնաժողովի նախորդ կազմում այս հարցի զեկուցող` «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի պատրաստած նախագիծն էր, որը ներկայացրեց հանձնաժողովում վերջինիս փոխարինած` նույն խմբակցության անդամ Թևան Պողոսյանը: Ըստ այդմ, առաջարկվում էր ընդունել, որ 83 պատգամավորներից հատկապես նիստը միտումնավոր տապալած և այդ նպատակով չգրանցված ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունների բոլոր անդամները խախտել են էթիկայի կանոնները:

Այս նախագիծը ստացավ երեքական «կողմ» և «դեմ» ձայներ: Որոշմանը կողմ էին ընդդիմադիր երեք խմբակցությունների անդամները` «Ժառանգություն»-ից Թևան Պողոսյանը, «Հայ ազգային կոնգրես»-ից Լյուդմիլա Սարգսյանը և ՀՅԴ-ից Վահան Հովհաննեսյանը, դեմ էին` հանրապետականներ Դավիթ Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը, ինչպես նաև նրանց միացած «Բարգավաճ Հայաստան»-ից Վահան Բաբայանը: «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը նիստից բացակայում էր:

Հարցի վերաբերյալ երկրորդ նախագիծը ներկայացրել էր Դավիթ Հարությունյանը` առաջարկելով կարճել հարցի քննությունը: Այս դեպքում ևս նախագծին կողմ և դեմ ձայները հավասար էին` նախորդ նախագծին կողմ քվեարկածները դեմ էին և հակառակը:
Արդյունքում, ըստ Դ.Հարությունյանի, պատգամավորի դիմումը համարվեց մերժված:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների 48 պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստում նախատեսվում էր քննարկել ՀՀ ընտրական և քրեական օրենսգրքերում, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամների հեղինակած օրենքների նախագծերի փաթեթը: Սակայն նիստը չկայացավ, քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված երեք ժամում քվորումն այդպես էլ չապահովվեց. գրանցվել էր ընդամենը 46 պատգամավոր, մինչդեռ նիստի աշխատանքը սկսվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի գրանցվեր առնվազն 66 պատգամավոր:

Հարակից լուր. Էթիկայի հանձնաժողովի նոր կազմը կքննարկի հին հարցեր

 

Placeholder
ԲՀԿ-ն Էթիկայի հանձնաժողովում դեմ է քվեարկել պատգամավորների վարքի վերաբերյալ նախագծերին