Հենրիխ Մխիթարյան. «Մնացած 12 տուրում ավելի շատ գոլեր պետք է խփեմ»
Սպորտ
13:55 11/02/2013

Հենրիխ Մխիթարյան. «Մնացած 12 տուրում ավելի շատ գոլեր պետք է խփեմ»

Փետրվարի 10-ին Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին է ներկայացրել «Շախտյոր» ամսագրի հունվարյան համարը: Իսկ ինչո՞ւ հենց նա: Այն պարզ պատճառով, որ նա է շապիկի դեմքը:

Հանդիպումը կայացել է «հանքափորների» ֆիրմային խանութի` «Դոնեցկ Սիթիի» երկրորդ հարկում: Ֆուտբոլիստի` տեղ հասնելուց դեռ շատ առաջ հերթ էր գոյացել մուտքի մոտ: Բացատրությունը մեկն է. քիչ է, որ դոնեցկյան ֆանատները կարոտել են իրենց սիրելի ֆուտբոլիստներին, պարզվում է` հանդիպմանը պետք է ներկայանա «Շախտյորի» ամենահանրաճանաչ ֆուտբոլիստներից մեկը…

Բնականաբար, իսկական երկրպագուի համար գլխավորն ամսագրի նոր համարն էր: Ինչ-որ մեկն ամսագիրը հենց խանութում էր ձեռք բերել, իսկ մյուսը եկել էր արդեն ամբողջովին կարդացած օրինակով, ինչպես 10-ամյա Արսենը: Պարզվեց` տղան նաև ֆուտբոլի իսկական գիտակ է: Իսկ երբ նա տեսավ, որ մոտենում է Հենրիխը, ոգևորեց հավաքվածներին «Մխիթարյան, Մխիթարյան» վանկարկումով:

Ֆուտբոլիստը շուտով գրավեց իր տեղը, ողջունեց երկրպագուներին և անմիջապես սկսեց պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնցից շատերը նվիրված էին Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպմանը:

- «Բորուսիայի» հախից գալու՞ եք:
- Հախից չենք գալու, սակայն կխաղանք միայն հաղթանակի համար:

- Ում կցանկանայիր տեսնել մրցակցի դերում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում:
- Նախ պետք է անցնենք «Բորուսիային», հետո կմտածենք մյուս մրցակիցների մասին:

- Ինչպե՞ս կվարվեիր, եթե քո առջև այսպիսի ընտրություն լիներ. «Շախտյորը» կհաղթի Չեմպիոնների լիգայում միայն այն ժամանակ, երբ դու տեղափոխվես Կիևի «Դինամո»:
- Դա, կարծում եմ, անհնար է:

- Քանի՞ գոլ ես խփելու «Բորուսիային»:
- Կաշխատեմ խփել այնքան, որքան կկարողանամ: Բայց ամենակարևորը թիմի հաղթանակն է: Եթե մենք հաղթենք, դա շատ ավելի կարևոր կլինի, քան խփած գոլերը:

- Հունվարի 21-ին քո ծննդյան օրն էր: Ո՞րն է ստացածդ լավագույն նվերը:
- Ընկերներիս ու հարազատներիս շնորհավորանքները:

- Մինչև ե՞րբ ես պլանավորում հանդես գալ «Շախտյորում»:
- Իմ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2015 թ., և ես պատրաստվում եմ կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները: Հետո արդեն պարզ կլինի:

- Դիտե՞լ ես «Բորուսիա»-«Համբուրգ» խաղը:
- Ոչ, որովհետև այդ ժամանակ մենք մարզում ունեինք: Բայց Միստերը մեզ ամեն ինչ կասի այդ խաղի մասին:

- Եղե՞լ է, որ չկարողանաս գրավել դատարկ դարպասը:
- Ավելի հաճախ, քան գրավելը (ծիծաղում է):

- Եթե ԱՊՀ-ի առաջնություն սկսվի, կխաղա՞ս «Արարատի» դեմ:
- Իսկ «Արարատը» կմասնակցի՞ դրան: Եթե այո, ապա հաճելի կլինի խաղալ այդ թիմի դեմ:

- Քանի գո՞լ ես մտադիր խփել առաջնությունում:
- Մնացել է 12 տուր: Անհրաժեշտ է ավելի շատ խփել, քան մինչ այդ` օգնելու թիմին` հաղթելու Ուկրաինայի առաջնությունում:

- Պլանավորո՞ւմ ես տիրանալ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին:
- Կաշխատեմ հնարավորինս շատ գոլեր խփել` այդ մրցանակը նվաճելու համար: Բայց դուք գիտեք, որ Լիոնել Մեսսին արդեն 34 գոլ է խփել (Մեսսին աչքի է ընկել նաև «Խետաֆեի» հետ Պրիմերայի 23-րդ տուրի խաղում և արդեն 35 գոլի հեղինակ է-խմբ.), ուստի շատ դժվար կլինի: Բայց, միևնույն է, կաշխատեմ հնարավորինս հաճախ աչքի ընկնել:

- Ե՞րբ հասկացար, որ ֆուտբոլիստ ես դառնալու:
- 7 տարեկանում եմ կատարել իմ ֆուտբոլային առաջին քայլերը: Այդ ժամանակ էլ հասկացա, որ կարող եմ զբաղվել ֆուտբոլով և պրոֆեսիոնալ լինել:

- «Շախտյորից» բացի, ո՞րն է քո սիրելի թիմը:
- Հիմա ես «Շախտյորում» եմ, խաղում եմ «Շախտյորում», և դա իմ սիրելի թիմն է:

- «Մետալուրգի» նախկին խաղընկերներիդ հետ բարեկամությունը շարունակվո՞ւմ է:
- Այո, կապեր եմ պահպանում ոչ միայն ֆուտբոլիստների, այլ նաև ակումբի ղեկավարության հետ: Հատկապես սերտ շփվում եմ «Մետալուրգի» հայ ֆուտբոլիստների հետ, որովհետև նրանց հետ միասին պատանեկան տարիքից զբաղվել ենք ֆուտբոլով և այժմ էլ խաղում ենք հավաքականում:

- Ո՞րն է Դոնեցկում քո ամենասիրելի վայրը:
- Մարզաբազայից բացի, ինձ դուր է գալիս քաղաքի կենտրոնը: Օրինակ` Պուշկինի պուրակը, որտեղ կարելի է զբոսնել, նստել ընկերների հետ:

- Պլանավորո՞ւմ ես ընտանիք կազմել:
- Շատ կուզեի: Եթե ժամանակ լինի, իհարկե: Ամենագլխավորը լավ աղջիկ գտնելն է, ով հավատարիմ կլինի ինձ ողջ կյանքի ընթացքում:

Placeholder
Հենրիխ Մխիթարյան. «Մնացած 12 տուրում ավելի շատ գոլեր պետք է խփեմ»