Թաթուլ Մանասերյան. Նախագահի 8 թեկնածուներից միայն 3-ն ունեն ոչ միայն տնտեսական, այլ ընդհանրապես ծրագիր
Քաղաքական
12:30 12/02/2013

Թաթուլ Մանասերյան. Նախագահի 8 թեկնածուներից միայն 3-ն ունեն ոչ միայն տնտեսական, այլ ընդհանրապես ծրագիր

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագերին, նշեց, որ ընդհանուր առմամբ 8 թեկնածուներից միայն 3-ի մոտ է ներկայացված ոչ միայն տնտեսական, այլ ընդհանրապես ծրագիր:

Նրա խոսքերով` տվյալ երեք թեկնածուները բավականին ակտիվ քարոզարշավ են իրականացնում, իսկ դա նշանակում է, որ նրանց ասելիքը հստակ է, իսկ մյուսները ընտրում են պայքարի տարբեր ձևեր: «Մինչդեռ ընտրողին պետք է տեսնել, թե ապագայում ինչ կարելի է ակնկալել թե սոցիալական, թե տնտեսական իրավիճակի բարելավման առումով»,- ասաց նա:

Ըստ նրա` բոլոր երեք թեկնածուները հատուկ ուշադրություն են բևեռել սոցիալական վիճակի վրա, մասնավորապես, ծրագրերում կան դրույթներ, որոնք վերաբերում են կենսաթոշակների, կենսամակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսության զարգացմանը: «Այդ թեկնածուները գիտակցում են, որ գյուղատնտեսության ոլորտում առանց լուրջ վերափոխումների տնտեսության զարգացման մասին խոսել չի կարելի»,- նշեց տնտեսագետը:

Թ.Մանասերյանը ընդգծեց, որ հատկապես ընդդիմադիր կեցվածք ունեցող թեկնածուները` Րաֆֆի Հովհաննսիյանը, Հրանտ Բագրատյանը, իրենց նախընտրական ծրագրերում մեծ ուշադրություն են դարձրել ստվերային տնտեսությանը:

Նա միաժամանակ նշեց, որ թեկնածուների տնտեսական հատվածում ընդհանրություններից բացի կան նաև հակասություններ:
Ինչ վերաբերում է հարկային և մաքսային քաղաքականությանը, ապա, ըստ Թ.Մանասերյանի, այստեղ ևս կան թե ընդհանրություններ, թե հակասություններ: «Հակասություններն առավել նկատելի են Հրանտ Բագրատյանի ծրագրում, իսկ գործող նախագահի ծրագրում մատնանշված են թիրախներն ու լուծումները»,- ասաց նա:

Թ. Մանասերյանը նկատեց, որ բավականին շահեկանորեն առանձնանում են Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած ծրագրային դրույթները: Այդուհանդերձ, տնտեսագետը նշեց, որ այստեղ շատ կարևոր է նայել ոչ միայն թեկնածուի ծրագրին, այլև ծրագիրն իրականացնողի հետագծին:

Placeholder
Թաթուլ Մանասերյան. Նախագահի 8 թեկնածուներից միայն 3-ն ունեն ոչ միայն տնտեսական, այլ ընդհանրապես ծրագիր