«Թոքմաջյանը արգելել է, ո՞նց կարող է քարոզչություն անել». Բուհում հերքում են շտաբի հայտարարությունը
Իրավունք
16:06 15/02/2013

«Թոքմաջյանը արգելել է, ո՞նց կարող է քարոզչություն անել». Բուհում հերքում են շտաբի հայտարարությունը

Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը հավաքագրել է երիտասարդների անձնագրային տվյալները` հորդորելով ընտրել իր կողմից նշած թեկնածուին:

Այդ տեղեկության հիման վրա ոստիկանության Կենտրոնական բաժինն սկսել է հետաքննություն իրականացնել:

Համալսարանի աշխատակազմի ղեկավար Եղիազար Վարդանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը նման բանի մասին տեղյակ չէ և միաժամանակ, անհեթեթություն համարեց այդ լուրերի շրջանառությունը: Մենք հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ Թոքմաջյանն է հավաքել է ուսանողների անձնագրեր և ուղղակի ինքն այդ մասին չգիտի: «Ոչ, ես աշխատակազմի ղեկավարն եմ և ամեն ինչից տեղյակ եմ: Դա ուղղակի անհեթեթություն է: Դուք էլ կարող եք հետաքրքրվել ու կիմանաք, ցանկացած բուհում, ցանկացած դեկանատում ուսանողների տվյալների մեջ կան անձնագրային տվյալները և եթե պետք լիներ այդ ճանապարհով կհավաքեին: Բայց նման բան չի կարող լինել», հավելեց համալսարանի աշխատակազմի ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ ռեկտորատի որոշում կա, որի համաձայն բուհը ապաքաղաքական կառույց է, քաղաքական քարոզչություն բուհում արգելվում է: «Թոքմաջյանը արգելել է, ո՞նց կարող է քարոզչություն անել», -նկատեց աշխատակազմի ղեկավարը:

Placeholder
«Թոքմաջյանը արգելել է, ո՞նց կարող է քարոզչություն անել». Բուհում հերքում են շտաբի հայտարարությունը