«Սոցիոմետր». Արցախի լրիվ անկախանալուն կողմ է արցախցիների 44 %-ը, հայաստանցիների` 30,8%-ը
Տարածաշրջան
12:48 16/02/2013

«Սոցիոմետր». Արցախի լրիվ անկախանալուն կողմ է արցախցիների 44 %-ը, հայաստանցիների` 30,8%-ը

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կողմից Հայաստանի և Արցախի ընտրողների շրջանում անցկացվել է սոցհարցում` պարզելու նրանց վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորման, Ղարաբաղի հարցի հրատապությունը սոցիալ-քաղաքական խնդիրների շարքում և Ղարաբաղի հարցի լուծման առավել իրատեսական տարբերակների շուրջ:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, հարցումների արդյունքում պարզվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորմանը դրական վերաբերմունք ունեն ՀՀ քաղաքացիների 41.5%-ը, ԼՂՀ քաղաքացիների 31.5%-ը, իսկ բացասական վերաբերմունք ունեն ՀՀ-ում հարցվածների 55.2%-ը, ԼՂՀ-ում՝ 65.5%-ը:

Ղարաբաղի հարցի հրատապության հարցը Հայաստանում գտնվում է 8-րդ, իսկ Արցախում` 7-րդ տեղում: «Տնտեսական զարգացում, աշխատատեղերի ստեղծում, թոշակների, աշխատավարձերի բարձրացում, կրթական, առողջապահական, դատական, իրավական բարեփոխումներից հետո նոր գալիս է Ղարաբաղի հիմնահարցը»,- ասաց Ա.Ադիբեկյանը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցի լուծման առավել իրատեսական տարբերակներին, ապա ԼՂՀ բնակիչների 44%-ը կողմ է, որ Ղարաբաղը միանա Հայաստանին, անկախանա լրիվ` 44.0%-ը ,ինչպես կա` փաստացի անկախ մնա` 8.8%-ը, վերադառնա Ադրբեջանի կազմ` 0.2%-ը, դժվարացել են պատասխանել` 3.0%:

Հայաստանցիների շրջանում Ղարաբաղի հարցի լուծման առավել իրատեսական տարբերակներից Հայաստանի հետ միավորմանը կողմ են հարցվածների 48.4%-ը: Լրիվ անկախանալու տարբերակին կողմ են արտահայտվել հարցվածների 30.8%-ը, իսկ 14.6%-ը` փաստացի անկախությանը: Հարցվածների 0.6%-ը կողմ է Ղարաբաղի վերադարձին Ադրբեջանի կազմ:

Ըստ սոցիոլոգի, ռուս և ամերիկացի վերլուծաբանները գտնում են, որ ղարաբաղյան հիմնահարցը լուծում չունի, և ոչ մի գերտերություն այս հարցը չի լուծի: Եթե նման շարժառիթ լիներ, ապա լուծումը բավականին շուտ կգտնեին, մասնավորապես, Կոսովոյի օրինակի ձևաչափով: «Պարզ է, որ կողմերին շահավետ է, որ ղարաբաղյան հարցը մնա այնպես, ինչպես կա, և դա թողնեն այն սերունդներին, որոնք կլինեն ավելի տոլերանտ, ժողովրդավարական»,- ասաց նա:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին` ՀՀ նախագահի թեկնածուների դիրքորոշումներին, Ա.Ադիբեկյանը նշեց, որ թեկնածուներից ավելի իրատեսական է գործող նախագահի նախընտրական ծրագիրը:

Placeholder
«Սոցիոմետր». Արցախի լրիվ անկախանալուն կողմ է արցախցիների 44 %-ը, հայաստանցիների` 30,8%-ը