Մուկուչյանը դիտորդներին է ներկայացրել նախընտրական քարոզչության ընթացքը
Քաղաքական
13:34 17/02/2013

Մուկուչյանը դիտորդներին է ներկայացրել նախընտրական քարոզչության ընթացքը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԱՊՀ և մերձբալթյան մի շարք երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, տեղեկացնում են ԿԸՀ լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, Տիգրան Մուկուչյանը կարևորել է տարբեր երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև ձևավորված սերտ համագործակցությունը և ընտրական վարչարության ոլորտում փորձի փոխանակումը:
 
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է տեղեկատվություն` 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման աշխատանքների, նախընտրական քարոզչության ընթացքի և քվեարկության օրը ԿԸՀ-ում կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ` հավելելով, որ ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր գործառույթներն իրականացվել են նախապես հաստատված ժամանակացույցի համաձայն:

Հանդիպման մասնակիցները բարձր են գնահատել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերն առցանց հեռարձակելու նորամուծությունը, ինչպես նաև ընտրողների ցուցակների հրապարակայնության ապահովմանն ուղղված աննախադեպ միջոցառումները:

Հանդիպման ավարտին հյուրերը, ևս մեկ անգամ փաստելով, որ ընտրական վարչարարության մարմինների համագործակցությունը նպաստում է ընտրական օրենսդրության բարելավմանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հաջողություն են մաղթել գալիք նախագահական ընտրությունների կազմակերպման և անցկացման գործում:

Placeholder
Մուկուչյանը դիտորդներին է ներկայացրել նախընտրական քարոզչության ընթացքը