Արտաշատում դիտորդներին հրել են ու շուրջ 500 քվեաթերթիկ լցոնել. Հանձնաժողովի նախագահը հերքում է
Քաղաքական
16:54 18/02/2013

Արտաշատում դիտորդներին հրել են ու շուրջ 500 քվեաթերթիկ լցոնել. Հանձնաժողովի նախագահը հերքում է

«Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հասարակակակն կազմակերպության դիտորդ Նարինե Էսմայելը Արտաշատ քաղաքում գտնվող 17/05 ընտրատեղամասում շուրջ 500 քվեաթերթիկի լցոնման դեպքի ականատես է եղել: «Հանձնաժողովի քարտուղարը, որը Հանրապետական կուսակցությունից էր, բացել է քվեատուփը և տեղամաս մտած շուրջ 30 տղաները մոտ 500 քվեաթերթիկներ լցրեցին քվեատուփի մեջ:Ոստիկանը թողեց նրանց ներս մտնեն, դիտորդներին հրեցին դեպի պատը, իմ գործընկերոջս կամերան վերցրեցին ու էդքան քվեաթերթիկ լցրեցին ու գնացին: Էդ ամեն ինչը տևեց մի քանի րոպե», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Նարինեն:

Նրա խոսքով, հանձնաժողովի նախագահը այդ պահին ընտրատեղամասից դուրս էր գնացել: «Երևում էր, որ հանձնաժողովի բոլոր անդամները միասին են գործում: Հիմա իրենք ձայները մեկ են արել ու ասում են ոչինչ չի պատահել», -ասաց Նարինեն` նշելով, որ այդ պահը չեն կարողացել նկարահանել սակայն կարողացել են նկարել մինչ այդ պահը արձանագրած խախտումները:

Թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում դեպքի առնչությամբ նշեց. «Ես մոտավորապես գիտեմ այդ տեղամասի քառակուսին և այնտեղ այդքան մարդ չի կարող տեղավորվել»: Նրա  խոսքով, ինքն  այդ ընտրատեղամասից որևէ բողոք կամ ահազանգ չի ստացել:

Մարգարյանը տեղեկացրեց` «բոլոր տեղամասերում կամերաները դրած նկարում են. նկարները կարան տրամադրեն ձեզ ու յութուբով ցույց տաք, թե ոնց են 40 հոգին մտել ու լցոնում արել»:

Placeholder
Արտաշատում դիտորդներին հրել են ու շուրջ 500 քվեաթերթիկ լցոնել. Հանձնաժողովի նախագահը հերքում է