Այսօր Հայաստանում նախագահական ընտրություններ են
Քաղաքական
00:37 18/02/2013

Այսօր Հայաստանում նախագահական ընտրություններ են

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նախագահական ընտրություններ են անցկացվում: Դրանք 1991 թվականից հետո անկախ Հայաստանի պատմության մեջ վեցերորդ նախագահական ընտրություններն են:

Երկրի 41 ընտրատարածքներում ընտրությունների կազմակերպման համար ձևավորվել է 1988 տեղամասային կենտրոն: Քվեարկությունը կմեկնարկի առավոտյան ժամը 08:00-ին, մինչ այդ, ժամը 7-ին, տեղի կունենան տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերը: Իսկ քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին:
 
Այսօր առավոտյան ժամը 8-ից կբացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնը: Օրվա ընթացքում կհրապարակվի քվեարկության ընթացքի, ստացված դիմումների, հաղորդումների վերաբերյալ տեղեկատվություն: Ժամը 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին կհրապարակվեն տեղեկություններ մինչև համապատասխանաբար ժամը 11-ը, 14-ը, 17-ը և 20-ը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ` ըստ մարզերի և Երևան քաղաքի:

Քվեաթերթիկում կլինեն ՀՀ նախագահի թեկնածուների ազգանունները` այբբենական հերթականությամբ, անունները, հայրանունները և առաջադրող կուսակցությունների անվանումները, իսկ ինքնաառաջադրման դեպքում` ինքնաառաջադրում բառը:

Այսպիսով, քվեաթերթիկում թեկնածուների ազգանուններն այսպիսի հերթականություն կունենան` «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյան, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյան, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան, անկուսակցականներ` Անդրիաս Ղուկասյան և Արման Մելիքյան, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան, անկուսակցական Վարդան Սեդրակյան:

Placeholder
Այսօր Հայաստանում նախագահական ընտրություններ են