Վերականգնվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը
Քաղաքական
20:20 22/02/2013

Վերականգնվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հետազոտական և վերականգնողական աշխատանքների համակարգման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ նախագահի օգնական Ա. Բերբերյանը, ՀՀ քաղաքաշինության, մշակույթի, արտակարգ իրավիճակների նախարարությունների, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի պատասխանատուները և հատուկ այդ նպատակով ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբի անդամները: Այս մասին տեղեկացնում են Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Սամվել Թադևոսյանը կարևորել է ողջ հայության համար բացառիկ նշանակություն ունեցող Էջմիածնի Մայր Տաճարի հետազոտման և վերականգնողական աշխատանքներում մասնագետների ակտիվ ներգրավվածությունը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Մայր Տաճարի վերականգնման համար Հանրապետության նախագահին էր դիմել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը: Հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծվել է Մայր Տաճարի գմբեթների և տանիքների ամրակայման և վերանորոգման հարցերով հանձնաժողով` ՀՀ քաղաքաշինության նախարարի ղեկավարությամբ:

Խորհրդակցության ընթացքում մանրամասն ներկայացվել է աշխատանքային խմբի անդամների առաջարկությունները և առաջադրված խնդրի բացահայտմանը նպատակաուղղված հատուկ մոտեցումներն ու դրանց լուծման ուղիները: Կարևորվել է Մայր Տաճարի համաշխարհային ժառանգության պատմամշակութային հուշարձան լինելու հանգամանքը, որը պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ուստի վերականգնողական աշխատանքներում շեշտվել է ժամանակակից նյութերի միջամտության անթույլատրելիությունը: Առաջարկվել է ստեղծել իրավասու մասնագետներից կազմված մոբիլ համակարգող խումբ, որը տեղում կհետևի հետազոտական աշխատանքների իրականացմանը, կառաջադրի վերականգնողական աշխատանքներին առնչվող ինժեներա և հիդրոերկրաբանական, նյութաբանական և այլ նեղ մասնագիտական խնդիրների լուծումներ: Նշված խումբը հենք կնախապատրաստի հուշարձանի վերականգողական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման համար:

Placeholder
Վերականգնվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը