Ա.Բախշյան. Ամեն ինչ արվում է, որպեսզի տապալվի կրթության ոլորտում  պետական քաղաքականությունը
Կրթություն, գիտություն
13:38 25/02/2013

Ա.Բախշյան. Ամեն ինչ արվում է, որպեսզի տապալվի կրթության ոլորտում պետական քաղաքականությունը

Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը facebook-յան իր էջում դարձյալ բարձրաձայնել է շտեմարանների խնդիրը.

«Ուշադրությամբ ծանոթացա ՀՀ վարչապետին ուղղված նամակիս պատասխանին, որտեղ չգտա իմ կողմից հնչեցված շատ կարևոր հարցի պատասխանը՝ որքանո՞վ են ձեր կազմած շտեմարանները համապատասխանում ՀՀ Պետական չափորոշիչին:

Չգիտեմ որքանով եք տեղյակ 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՀ կառավարության հ.439-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման» կարգին, որի «Օտար լեզուներ» վերնագրի տակ, 1-ին կետում գրված է.

«Ավագ դպրոցի ծրագրի «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է սովորողների բանավոր ու գրավոր խոսքի միջոցով Հայաստանը, նրա մշակութային արժեքները ներկայացնելուն»: Հրապարակավ խնդրում եմ հանրությանը տեղեկացնել, թե օտար լեզվի շտեմարաններում Հայաստանին, հայկական մշակույթին նվիրված քանի՞ նյութ կա, ի՞նչ են նրանք իրենց մեջ պարունակում:

Երկրորդ՝ ինչպե՞ս է միասնական քննությունն ապահովում օտար լեզվից բանավոր խոսքի հմտությունը, որի վերաբերյալ շտեմարանների հեղինակները մասնավոր զրույցի ժամանակ ասում են, որ Հայաստանի, նրա մշակութային արժեքների մասին բանավոր արտահայտվելու հմտությունը ստուգվում է միայն օտար լեզուների ֆակուլտետների դիմորդների մոտ, որը չի հրապարակվում, այսինքն անձամբ վստահ չեմ, որ Պետական չափորոշիչի այս պահանջն իրականացվում է բանավոր քննության ժամանակ: Առաջին եզրակացությունս հետևյալն է, քանի որ TOEFL, Cambridge exam, IELTS, ITEP, TOEIC տեքստերում Հայաստանի և հայ մշակույթի մասին, բնական է, տեքստեր չկան, ուրեմն մտահոգությունս հիմնավորված է՝ Պետական չափորոշիչի պահանջը ուղղակի ոտնահարվել է:

Հաջորդը, առանց կրկնուսույցների օգնության քանի՞ շրջանավարտ կարող է հաջողությամբ հանձնել օտար լեզվից միասնական քննություն: Քանի որ այս հարցի պատասխանը բոլորս գիտենք, ուրեմն երկրորդ եզրակացությունը` մի անտեսանելի ուժ ամեն ինչ անում է, որպեսզի տապալվի կրթության ոլորտում Հայաստան պետության մեջ պետական քաղաքականությունը և շահի բիզնեսը՝ ի դեմս շտեմարանային բիզնեսի, որն առանձին թեմա է: Այս մասին կխոսենք ավելի ուշ»,- իր մտահոգությունները գրառել է Անահիտ Բախշյանը:

Placeholder
Ա.Բախշյան. Ամեն ինչ արվում է, որպեսզի տապալվի կրթության ոլորտում պետական քաղաքականությունը