«Գոմեշի մսի» գործով ձերբակալվածների թիվը դարձավ 4
Իրավունք
11:06 25/02/2013

«Գոմեշի մսի» գործով ձերբակալվածների թիվը դարձավ 4

Հայաստանի պաշտպանության ուժերի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների թիվը այս պահի դրությամբ հասել է 4-ի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը

Այս գործի շրջանակներում առաջին ձերբակալվածը Կապանի մսի կոմբինատի ղեկավար Ալբերտ Օանջանյանն է, որի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»: 

Մյուս երեքը ՊՆ պաշտոնյաներ են, որոնց նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ»:
Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով: Քննչական ծառայությունը, սակայն, առայժմ ձերբակալված պաշտոնյաների անունները չի հրապարակում: 

Հիշեցնենք, որ փաստը հայտնաբերվել էր «Հետք» էլեկտրոնային կայքում տպագրված հոդվածի հետքերով և քրեական գործը հարուցվել էր 2012-ի հունիսին` բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա: Հենց այդ ժամանակ էր, որ աշխատանքից ազատվեց ՊՆ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը:
Այնուհետև վերջերս աշխատանքից ազատվեց նաև Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վարդան Թունյանը:

Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը կալանավորվել էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերին և սրտի հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխվել էր ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ԱՆ ՔԿՀ լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց, Օհանջանյանը շարունակում է մնալ այդ հիվանդանոցում: «Սրտի հետ կապված անընդհատ խնդիրներ է ունենում, դրա համար էլ հիվանդանոցում է ու բժիշկների հսկողության տակ», -հավելեց Ղլեչյանը:

Placeholder
«Գոմեշի մսի» գործով ձերբակալվածների թիվը դարձավ 4