ԻՀՊԿ նախկին հրամանատարն արցախյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած օգնության մասին նոր բացահայտումներ է արել
Քաղաքական
15:27 26/02/2013

ԻՀՊԿ նախկին հրամանատարն արցախյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած օգնության մասին նոր բացահայտումներ է արել

 Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ես անձամբ եմ հրամայել, որպեսզի Ադրբեջանին ռազմամթերք տրամադրվի:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային:

Իրանի Քաղաքական համակարգի նպատակահարմարությունը կողմնորոշող խորհրդի քարտուղարը, իրանական «Սահար» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշել է, որ Իրանը ծանր պահերին կանգնած է եղել Ադրբեջանի ժողովրդի կողքին:

Մոհսեն Ռեզային, ով արցախյան պատերազմի տարիներին ԻՀՊԿ հրամանատարն էր, անդրադառնալով պատերազմական գործողությունների ժամանակաշրջանին, նշել է. «Այն ժամանակ ես անձամբ եմ հրամայել, որպեսզի Ադրբեջանին ռազմամթերք տրամադրվի և Ադրբեջանի զինված ուժերի համար հատուկ ռազմաուսումնական վարժանքներ կազմակերպվի»:

ԻՀՊԿ նախկին հրամանատարը նշել է, որ ղարաբաղյան պատերազմին բազմաթիվ իրանցիներ են մասնակցել, որոնցից մի մասը վիրավորվել և հետ են վերադարձել Իրան, իսկ մի մասն էլ զոհվել են և ներկայում թաղված են Բաքվում:
Նշենք, որ Մոհսեն Ռեզային օրերս հայտարարել էր, որ ս.թ. հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը և մասնակցելու է որպես անկախ թեկնածու:

Հավելենք նաև, որ Մոհսեն Ռեզային մասնակցել էր նաև նախորդ նախագահական ընտրություններին՝ ստանալով շուրջ 2 տոկոս ձայն:

Placeholder
ԻՀՊԿ նախկին հրամանատարն արցախյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած օգնության մասին նոր բացահայտումներ է արել