Ի պաշտպանություն սիրիահայերի՝ 100-ավոր իրանահայեր բողոքի ցույց են անցկացրել Իրանում Թուրքիայի դեսպանության առջև
Քաղաքական
17:20 27/02/2013

Ի պաշտպանություն սիրիահայերի՝ 100-ավոր իրանահայեր բողոքի ցույց են անցկացրել Իրանում Թուրքիայի դեսպանության առջև

 100-ավոր իրանահայեր բողոքի ցույց են անցկացրել Իրանում Թուրքիայի դեսպանության առջև:
Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:

Համաձայն հաղորդագրության՝ այսօր առավոտյան հարյուրավոր թեհրանահայեր համախմբվել են Թուրքիայի դեսպանատան առջև՝ բողոքելով Սիրիայի հարցում Անկարայի վարած քաղաքականության և դրանից բխող ոչ հայանպաստ հետևանքների դեմ:
Թուրքիայի դեսպանության դեմ հավաքված թեհրանահայերը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է. «Խաղաղությունը Սիրիայի ժողովրդի տարրական իրավունքն է: Սիրիայում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունները, այդ թվում նաև քրիստոնյաները՝ հատկապես հայերը, այդ երկրի անմեղ քաղաքացիների հետ միասին ծանր կացության մեջ են գտնվում: Սիրիայում տիրող ճգնաժամային վիճակի հետևանքով զոհվել, վիրավորվել ու անօթևան են դարձել մեծ թվով հայեր»:

«Մենք՝ որպես Իրանի քաղաքացիներ և իրանահայ համայնքի ներկայացուցիչներ, հաշվի առնելով առանց օտարների, հատկապես Թուրքիայի կառավարության միջամտության՝ Սիրիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը , հայտարարում ենք, որ Սիրիայի ներքին գործերին միջամտող պետությունները պետք է վերջ դնեն իրենց քաղաքականությանը».-նշված է իրանահայերի տարածած հաղորդագրության մեջ:

Իրանահայերը ցույցի ընթացքում պարզել են պաստառներ, որոնցից մեկի վրա գրված է եղել. «Հայերը՝ որպես 20-րդ առաջին ցեղասպանության զոհեր, պահանջում են, որպեսզի աշխարհի բոլոր ճնշված ժողովուրդների պահանջներն ի կատար ածվեն»:

Հայտարարության մյուս հատվածում իրանահայերը, աջակցելով Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված Իրանի վեց կետից բաղկացած նախագծին, ողջունել են Սիրիայում ազգային հաշտության երկխոսության հաստատմանը և կայուն խաղաղությանն ուղղված Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերը:

Լուսանկարները՝  www.hyeli.net կայքից

Placeholder
Ի պաշտպանություն սիրիահայերի՝ 100-ավոր իրանահայեր բողոքի ցույց են անցկացրել Իրանում Թուրքիայի դեսպանության առջև