ԼՂՀ ԱԺ. «Սումգայիթը» Ադրբեջանական ԽՍՀ-ում պետական մակարդակով կազմակերպված ցեղասպանություն էր
Քաղաքական
14:03 28/02/2013

ԼՂՀ ԱԺ. «Սումգայիթը» Ադրբեջանական ԽՍՀ-ում պետական մակարդակով կազմակերպված ցեղասպանություն էր

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը փետրվարի 28-ին ընդունել են համատեղ հայտարարություն՝ Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության ցեղասպանության 25-րդ տարելիցի առթիվ։

Ստորև՝ հայտարարության ամբողջական տեքստը։

«Այս օրերին ողջ հայ ժողովուրդը խոր ցավով է վերապրում ուղիղ քառորդ դար առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնց ընթացքում քաղաքի հայ ազգաբնակչությունը ենթարկվեց արյունահեղ ջարդերի։

«Սումգայիթը» Ադրբեջանական ԽՍՀ-ում պետական մակարդակով կազմակերպված ցեղասպանություն էր՝ իշխանությունների կողմից հետևողականորեն ուղղորդված հայատյացության տրամաբանական հետևանք։ Այն իրագործվեց ի պատասխան արցախահայության խաղաղ ցույցերի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի ընդունած որոշման, որով Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև միջնորդվում էր դրական լուծում տալ ինքնավար մարզն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին։
Հայ համաքաղաքացիների սպանդը չարժանացավ ադրբեջանական հասարակության դատապարտմանը, ավելին՝ ջարդարարները հերոսացվեցին, և իշխանությունների նախաձեռնությամբ ադրբեջանական ժողովրդի գիտակցության մեջ քառորդ դար շարունակ արմատավորվեց «հայի սպանությունը հանցագործություն չէ, այլ՝ պատիվ» մտայնությունը։

Սումգայիթի եղեռնագործությամբ Ադրբեջանական ԽՍՀ-ում սկիզբ դրվեց բնիկ հայ բնակչության բռնատեղահանությանը, ինչի հետևանքով 1988-90թթ. այդ հանրապետության տարածքում էթնիկական զտման ենթարկվեց ավելի քան 500 000 հայ:

Առաջնորդվելով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխման և այն պատժելու մասին» համաձայնագրի դրույթներով, մենք՝ ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերս.
- խստորեն դատապարտում ենք Սումգայիթում, իսկ հետագայում նաեւ նախկին Ադրբեջանական ԽՍՀ ողջ տարածքում հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանությունը,
-վերահաստատում ենք այդ հանցագործության միջազգային իրավական և քաղաքական դատապարտմանը հասնելու մեր վճռականությունը,
-վերստին դիմում ենք աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին՝ կոչ անելով միանալ Ադրբեջանում էթնիկ անհանդուրժողականության, այլատյացության, հետագա ցեղասպանության կանխման ջանքերին,
-խոնարհվում ենք ազգային խտրականության և թշնամանքի զոհ դարձած մեր բոլոր հայրենակիցների հիշատակի առջև»:

Placeholder
ԼՂՀ ԱԺ. «Սումգայիթը» Ադրբեջանական ԽՍՀ-ում պետական մակարդակով կազմակերպված ցեղասպանություն էր