Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մոտ երկու շաբաթ Անթալիայում էր, որտեղ հետեւում էր ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան այն ակումբների մարզական հավաքներին եւ հանդիպումներին, որոնց կազմերում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ:
ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում Վարդան Մինասյանը խոսել է իր դիտարկումների մասին:
- Դիտել եմ հայկական 4 ակումբների՝ «Փյունիկի», «Շիրակի», «Գանձասարի», «Ուլիսի» մարզական հավաքներն ու անցկացրած հանդիպումները, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ «Կուբանի», «Շերիֆի», «Ակտոբեի», «Վոլգայի», «Գովերլայի» հանդիպումները,- ասել է նա:- Մեր բոլոր ֆուտբոլիստներն էլ նորմալ մարզավիճակում էին: Ուրախալի է, որ Ռոբերտ Արզումանյանը մշտապես խաղում է իր թիմի հիմնական կազմում, ինչը շատ կարևոր է մեզ համար:
Դիտել եմ նաև Տաշքենդի «Պախտակորի» մասնակցությամբ հանդիպումները, որտեղ խաղում է Ժորա Հովհաննիսյանը: Ընդհանուր առմամբ` նա վատ տպավորություն չթողեց, բայց քանի որ խաղում է ենթահարձակվողի դիրքում, իսկ մենք այդ դիրքի համար ունենք ընտրության լայն հնարավորություն, կոնկրետ Չեխիայի հավաքականի հետ խաղի նախապատրաստական հավաքին նա չի հրավիրվի հավաքական: Այդուհանդերձ, «Պախտակորը» ուժեղ թիմ է, Ժորան մշտապես խաղում է թիմի հիմնական կազմում, եւ իմ խնդրանքով ուզբեկական ակումբի մարզական տնօրենը մեզ է տրամադրել ինչպես թիմի հետագա խաղերի ամբողջական խաղացանկը, այնպես էլ Ժորա Հովհաննիսյանի մասնակցությամբ խաղերի տեսագրությունները, որոնք մենք կդիտենք եւ նրան մշտապես կպահենք մեր տեսադաշտում: Հնարավոր է` ապագայում նրան էլ հրավիրենք ազգային հավաքական:
Իմ խնդրանքով հավաքականի թեկնածուներից Միխայիլ Մարկոսովի խաղին հետևել է «Միկայի» մարզիչ Արամ Ոսկանյանը, ով դիտել է նրա մասնակցությամբ 2 հանդիպում: Կարծիքը դրական է, բայց ես պատրաստվում եմ հնարավորության դեպքում անպայման դիտել Ռուսաստանի առաջնության մոտակա հանդիպումը նրա մասնակցությամբ:
Ընդհանուր առմամբ` այն դիրքերի համար, որտեղ մենք ունենք խնդիրներ, ես չտեսա հավաքականի համար արժանի նոր ֆուտբոլիստների: Թիմերի կազմերում կան հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց, բնականաբար, նրանք դեռ պատրաստ չեն` խաղալու ազգային հավաքականում: Ընդհանրապես` հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք ստիպված ենք մոտակա հավաքին հրավիրել հնարավորինս շատ ֆուտբոլիստների: Միայն բոլոր խաղացողներին փորձարկելով և իրար հետ համեմատելով՝ կկարողանանք ճիշտ ընտրություն կատարել: Չնայած հավաքականի կազմի հետ կապված բազմաթիվ խնդիրներին, միևնույն է, ձգտելու ենք հնարավորինս հաջող հանդես գալ Չեխիայի հավաքականի դեմ և հասնել դրական արդյունքի: