Գնորդ չլինելու պատճառով ԱԳՆ շենքի աճուրդը չի կայացել
Տնտեսություն
12:54 05/03/2013

Գնորդ չլինելու պատճառով ԱԳՆ շենքի աճուրդը չի կայացել

Գնորդ չլինելու պատճառով Կառավարության թիվ 2 մասնաշենքի վաճառքն այսօր չի կայացել: Սա նշանակում է, որ շենքի միակ գնորդը կրկին մնում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Կառավարության որոշմամբ Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր «Տանգո» ՓԲԸ-ին

ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի մամլո քարտուղար Մարգարիտա Սարգսյանը Panorama.am-ի թղթակցին հայտնեց, որ «Տանգո» ընկերության հետ կար պայմանավորվածություն, որ եթե շենքն աճուրդով չվաճառվի, ապա ընկերությունը մնում է գույքի հիմնական հավակնորդը: «Աճուրդի նպատակը տվյալ գույքը ավելի բարձր գնով վաճառելն էր, բայց քանի որ այլ հավակնորդներ չեն եղել միակ հավակնորդը մնում է «Տանգո» ընկերությունը»,- ասաց նա:

Նա նշեց, որ գույքով հետաքրքրվողներ եղել են, սակայն որևէ մեկը հայտ չի ներկայացրել:

Մ.Սարգսյանը հայտնեց, որ «Տանգո» ընկերության հետ պայմանագիրը կկնքվի մինչև ապրիլի 30-ը:
Հիշեցնենք, որ Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը ԱԳՆ շենքի համար առաջարկել էր 51,2 մլն դոլար:

Նախորդող՝ Այսօր աճուրդի կհանվի ՀՀ ԱԳՆ շենքը

«Կին առաջնորդ» ֆորում. Պահանջում ենք չեղյալ հայտարարել ԱԳՆ շենքի աճուրդի ամոթաբեր գործարքը
 

Placeholder
Գնորդ չլինելու պատճառով ԱԳՆ շենքի աճուրդը չի կայացել