«Կարևոր խնդիրներ կան». «Ժառանգություն»-ում ավագանու ընտրությունների հարցը չի քննարկվել
Քաղաքական
11:04 05/03/2013

«Կարևոր խնդիրներ կան». «Ժառանգություն»-ում ավագանու ընտրությունների հարցը չի քննարկվել

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցությունում դեռևս որևէ քննարկում տեղի չի ունեցել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: «Դեռևս շուտ է և ավելի կարևոր խնդիրներ կան, դրա համար էլ ավագանու ընտրություններին հարցը դեռ չի հասել», -հավելեց Խուրշուդյանը:

Հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ են արդյոք «Ժողովուրդ»-ի տեղեկությունները, որ հնարավոր է «Ժառանգության» ցուցակը գլխավորի Երևանի կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը, Խուրշուդյանը ասաց, որ նման հարց չի քննարկվել: «Ես հերքում եմ նման տեղեկությունը: Այդպիսի հարց չի քննարկվել», -փոխանցեց նա:

Նման հարցի քննարկման հնարավորության մասին էլ ասաց. «Հիպոթետիկ բաներին չեմ պատասխանում»:

Երևանի ավագանու ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, ընտրական ցուցակների առաջադրման ժամկետն սկսվում է մարտի 11-ին և ավարտվում մարտի 21-ին: Իսկ ցուցակների գրանցումը կատարվելու է մարտի 21-ից մինչև մարտի 31-ը:

Ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարել են Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունները: Հանրապետականի ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը, իսկ ՕԵԿ-ինը` ներկայիս ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Placeholder
«Կարևոր խնդիրներ կան». «Ժառանգություն»-ում ավագանու ընտրությունների հարցը չի քննարկվել