Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ ամբիցիաները կարող են խանգարել ընդդիմադիրների միավորմանը
Քաղաքական
18:41 07/03/2013

Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ ամբիցիաները կարող են խանգարել ընդդիմադիրների միավորմանը

ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը «լրիվ կողմ է» Երևանի ավագանու ընտրություներին ընդիմադիր դաշտում գործող ուժերի միասնական ճակատով գնալու մոտեցմանը: Ավելին, վերջինիս վստահեցմամբ, հարցն արդեն պատրաստվում է ներառել ՀՅԴ խմբակցության օրակարգ, ասել է թե ` նախապատրաստական փուլում է:

«Ընդհանրապես միավորված ճակատով գնալը ավագանու ընտրություններին` համարում եմ ճիշտ»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց պարոն Հովհաննիսյանը` մասնավորեցնելով,- « 4 ուժերի մասին դեռ ոչ մի բան չեմ լսել, բայց ես գտնում եմ` նրանք, ովքեր ներկա փուլում այս շարժման մեջ են, դրանց միավորման մասին է պետք խոսել առաջին հերթին, հետո` եթե կուզեն ուրիշներն էլ սատարել, դա արդեն քննարկմնա հարց է»:

Վահան Հովհաննիսյանը դժվարանում է կանխատեսել` ինչ կլինի այն ժամանակ, երբ պարզվի, որ Երևանի ավագանու ընտրություներում ԲՀԿ-ն կպայքարի միայնակ` առանց որևէ ուժի հետ կոնսոլիդացիոն համաձայնության:

«Դժվար է որևէ բան կանխատեսել, բայց ես մի բան գիտեմ, որ ավագանու ընտրութուներում միավորվելը ինչ- որ տեղ նույնիսկ ավելի հեշտ է, քանի որ այստեղ գաղափարական-քաղաքական տարաձայնություններն այդքան էական չեն: Ի վերջո, գնում ես քաղաքապետի պաշտոնը վերցնելու, թաղապետերի պաշտոնը վերցնելու, որտեղ բոլորովին էլ էական չէ` դու սոցիալիստ դաշնակցակա՞ն ես, թե՞ լիբերալ: Պարզապես պետք է պինդ մարդիկ լինեն, որպեսզի կարողանան դիմակայել օլիգարխների` քաղաքն ապականելու մղումներին, պետք է լինեն ազնիվ, անշառ, պրոֆեսիոնալ: Իսկ էդ տեսակի մարդկանց կարելի է գտնել տարբեր ուժերում, մնացածը` կազմակերպելու հարց է: Այդ առումով, կարծում եմ, միավորման հեռանկարները կան, գոյություն ունեն»:

Այն դիտարկմանը, որ սովորաբար ընդիմադիր դաշտի ուժերը վերջին պահին դժվարանում են միավորվել, քանի որ մշտապես դրան խանգարում են ամբիցիաները, պարոն Հովհաննիսյանն արձագանքեց. «Այո, միշտ խանգարել են: Չեմ բացառում ցավոք սրտի, որ հիմա էլ դա կարող է տեղի ունենալ, բայց առնվազն վստահեցնում եմ` ինչպես միշտ, գոնե այս անգամ էլ ամբիցիաներ դրսևորողները մենք չենք լինելու»:

Հարցի առնչությամբ ՀԱԿ-ի որևէ ներկայացուցչից այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ:

ԱԺ ՀԱԿ խմբակցությունից Գագիկ Ջհանգիրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Ես հարցերի կպատասխանեմ մարտի 10-ից հետո` մարտի 1-ի դեպքերի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման ժամանակ կամ դրանից հետո»: Մեր արձագանքին, թե հարցն այդ հանձնաժողովին չի վերաբերում, Գ. Ջհանգիրյանը պատասխանեց. «Դե առավել ևս, որ կապ չունի, ուրիշին հարցրեք»:

Իր հերթին, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ զբաղված է և խնդրեց ավելի ուշ զանգել: Իսկ ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը և ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:

Placeholder
Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ ամբիցիաները կարող են խանգարել ընդդիմադիրների միավորմանը