Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ. Կան օրացույցային օրեր, որոնք ծաղկավաճառներին են
Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարտի 8-ի հետ կապված կա գնաճ: Հիմնականում շոշափելի է ծաղկի շուկայում: Թեև Հայաստանում ջերմոցային ծաղկաբուծությունը զարգացել է, նույնիսկ արդեն արտահանվում է, բայց կան օրացույցային օրեր, որոնք ծաղկավաճառներին են. օգտվելով առիթից, գերշահույթ ստանալու նպատակով, որոշ տոկոսով ծաղիկների գինը սկսկել են բարձրացնել, որը կշարունակվի մինչև ապրիլի 7-ը»,- իրենց ուսումնասիրությունների արդյունքում եկած եզրահանգումը լրագրողներին ներկայացրեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յագուբյանը:
Դիտարկումների համաձայն, այսօր արդեն ծաղիկները 20-50 տոկոսով թանկացել են. սովորական վարդը 500-700 դրամից այսօր հասել է 1000-1500 դրամ, հոլանդական վարդերը 1500 դրամից հասել է 2300-2500 դրամի: Ըստ նրա, բոլոր ծաղիկների գներն են բարձրացել: Գների բարձրացում նկատվում է նաև վերջին զանգի օրը:
«Չենք կարող ասել, որ գնաճը խիստ է, բայց պետք է հասկանալ, որ Հայաստանը ճգնաժամը դեռ չի հաղթահարել: Այսօր այն օրն է, որ յուրանքչայուր երիտասարդ տղամարդ կուզի իր կնոջը, ընկերուհուն, մայրիկին մի փունջ վարդ, մանուշակ նվիրի, իսկ եթե հաշվի առնենք մեր սոցիալական վիճակը, կարծում եմ, անբարեխիղճ վերաբերմունք է մեր ծաղկավաճառների կողմից»,- ասաց Լուսինե Յագուբյանը:
ՀԿ-ի փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ կառավարությունը պետք է հակագնաճային քաղաքականություն վարի: «Չկա օրենք, որ կառավարի այս շուկան: Կառավարությունն այս հարցում պետք է աչալուրջ լինի: Բոլոր խախտումները, բացերը գալիս են դրանից»,- համոզված է նա: