Արտակ Դավթյան. Հայաստանը արտաքին քաղաքական ասպարեզում լրջագույն առաջընթաց է գրանցել
Քաղաքական
14:25 11/03/2013

Արտակ Դավթյան. Հայաստանը արտաքին քաղաքական ասպարեզում լրջագույն առաջընթաց է գրանցել

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Պատվիրակության այցը ևս մեկ անգամ ապացուցեց այն իրողությունը, որ վերջին տարիներին Հայաստանը արտաքին քաղաքական ասպարեզում լրջագույն առաջընթաց է գրանցել: Ամփոփելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակության` մարտի 5-7-ը Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցությայն անդամ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը:

Անդրադառնալով այցի կարևորությանը` բանախոսը ընդգծեց երկու կարևոր հանգամանք:

Առաջին կարևոր գործոնը, ըստ Արտակ Դավթյանի այն էր, որ այցը տարածաշրջանային չէր և սահմանափակվում էր Հայաստան այցելությամբ: «Դա, իմ կարծիքով, բավական կարևորում է մեր երկիրը»,- նշեց Արտակ Դավթյանը` հավելելով, որ Գերմանիան ԵՄ տնտեսապես ամենահզոր երկիրն է և ունի ծանրակշիռ դերակատարում Եվրամիության կարևորագույն որոշումների ընդունման գործընթացում:

Երկրորդ կարևորագույն գործոնը, ըստ Արտակ Դավթյանի այն էր, որ այցը հաջորդում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Թուրքիա կատարած այցին:

«Այս առումով Գերմանիանի դաշնության երկրորդ պաշտոնական անձի այցը Հայաստան ոչ միայն կարևոր է երկու խորհրդարանների հետագա համագործակցության զարգացման համար, այլ նաև այն առումով, որ Գերմանիան բավականին արժևորում է Հայաստանի դերն ու նշանակությունը մեր տարածաշրջանում»,- նշեց Արտակ Դավթյանը:

Արտակ Դավթյանը նշեց, որ այցի ընթացքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ ՀՀ խորհրդարանական պատվիրակության Գերմանիա այցելության և երկկողմ հարաբերությունների այլ հրատապ հարցերի վերաբերյալ:

Placeholder
Արտակ Դավթյան. Հայաստանը արտաքին քաղաքական ասպարեզում լրջագույն առաջընթաց է գրանցել