Ինչու՞ Րաֆֆի Հովհաննիսյանը չի հրապարակում իր կառավարության կազմը
Քաղաքական
14:11 11/03/2013

Ինչու՞ Րաֆֆի Հովհաննիսյանը չի հրապարակում իր կառավարության կազմը

Հայաստանի նախագահի 2013 թվականի ընտրություններին հաջորդած իրադարձությունները թեև նորույթ չեն երկրի քաղաքական կյանքում առհասարակ, բայց ունեն մի առանձնահատկություն. Ր.Հովհաննիսյանի կողքը կանգնած մարդիկ իրականում դեմ են ոչ այնքան Սերժ Սարգսյանին, որքան գործող իշխանությանը առհասարակ, մասնավորապես՝ մեծ ու փոքր պաշտոնյաներին՝ մարզպետերին, քաղաքապետերին, նախարարներին, պատգամավորներին, տարբեր վարչությունների ու բաժինների պետերին և այլն: Դա երևում է հատկապես հանրահավաքների ժամանակ օգտագործվող լեզվից. Հավաքների ընթացքում խոսքը հիմնականում վերաբերում է իրավական և տնտեսական հարցերին, հասարակական կյանքի այս կամ այն ոլորտին, մարզերում ինչ-որ գործերով աչքի ընկած պաշտոնյաներին, մինչդեռ նախագահն առաջին հերթին քաղաքական կերպար է, ում անունն իրականում շատ ավելի քիչ է հնչում հանրահավաքներում, քան նրա իշխանության հետ ասոցացվող պաշտոնյաներինը:

Բայց այս հանգամանքը միայն հետընտրական փուլին չէ հատուկ. Սերժ Սարգսյանի համար չքվեարկողների մեծ մասի մոտ ոչ թե նրան նախագահի պաշտոնում չտեսնելու մոտիվացիան էր, այլ մեծ ու փոքր պաշտոններ զբաղեցնող մարդկանց կողմից իշխանությունը չարաշահելու դեմ մոտիվացիան: Այսինքն՝ չեն քվեարկել Սերժ Սարգսյանին` դեմ լինելով հանրապետական իրենց վերադասներին, քաղաքապետերին, նախարարներին, իշխանության մաս կազմող դատավորներին և ոստիկաններին, և այլոց: Բայց ոչ՝ անձամբ դեմ Սերժ Սարգսյանին և կողմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: Սա է 2013 թվականի նախագահական ընտրությունների թերևս գլխավոր նրբությունը:

Դա փաստվեց նաև հետընտրական շրջանում տեղի ունեցած մարզային հանրահավաքների և դասադուլի նկատմամբ իշխանամետ և ընդդիմադիր գործիչների վերաբերմունքի գնահատականներից, որոնք լայն տարածում ստացան հատկապես սոցիալական ցանցերում: Այդպես, Հանրապետական մի շարք նախարարների և պատգամավորների կոչերն ու դիրքորոշումները հանրահավաքների ու դասադուլի վերաբերյալ ընդդիմադիր հատվածի կողմից ընկալվեցին ոչ թե որպես անձնական կամ պաշտոնական դիրքորոշում, այլ որպես իշխանական դիրքորոշում, որպես իշխանության դիրքորոշում, որպես իշխանության կողմից ուժի ցուցադրում: Բնականաբար, տարբեր մակարդակի պաշտոնյաների գործողություններում այս պարագայում նույնպես մեղավոր համարվեց «ռեժիմը և դրա գլխավերևում կանգնած նախագահը»:

Ստացվում է, որ Հայաստանում նույնպես արդիական է «արքային շքախումբն է ներկայացնում» արտահայտությունը, քանի որ նախագահին են վերագրվում նրա «շքախմբի» որակները: Վերջիններս, պետք է խոստովանել, միշտ չէ, որ նախագահին շահեկան վիճակում են ներկայացնում:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը: Ինչու՞ նա մինչ օրս չի ներկայացրել իր թիմը, «շքախումբը», ժողովրդական կառավարության կազմը: Բանն այն է, որ ինչպես գործող նախագահի պարագայում է, Ր.Հովհաննիսյանի դեպքում էլ «շքախումբը» կարող է բացասական էֆեկտ ունենալ. եթե Սերժ Սարգսյանի դեպքում այդ էֆեկտը հստակ երևաց ընտրությունների ընթացքում՝ նրան մեծ ու փոքր պաշտոնյաների պատճառով չքվեարկողների տեսքով, Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում այդ բացասական ազդեցությունը կարող է սկսվել այն պահից, երբ նա հրապարակի իր «շքախմբի» կամ թիմի անդամներին:

Բացասական նույն էֆեկտը կարող էր տեղի ունենալ նաև այդ դեպքում, եթե Ր. Հովհաննիսյանին միանային ընդդիմադիր այլ ուժեր, որոնք կասոցացվեին թիմի կամ շքախմբի հետ: Հավանաբար, Ր.Հովհաննիսյանը լավ գիտակցում է «շքախմբի» պատճառով ձայներ և վստահություն կորցնելու այս վտանգը, այդ իսկ պատճառով էլ շարունակում է միայնակ խաղալ քաղաքական դաշտում:

Մովսես Դեմիրճյան

Panorama.am-ը  տեղեկացնում է, որ խմբագրության  կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ
:

Placeholder
Ինչու՞ Րաֆֆի Հովհաննիսյանը չի հրապարակում իր կառավարության կազմը