Փաստաբան. Հայաստանում պատժելիության քաղաքականությունը կանխատեսելի չէ
Իրավունք
12:17 13/03/2013

Փաստաբան. Հայաստանում պատժելիության քաղաքականությունը կանխատեսելի չէ

Արդարադատությունը, պատժելիության քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի, սակայն Հայաստանում այդպես չէ, անորոշություն կա: «Պատժողական քաղաքականությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց փաստաբան Հայկ Ալումյանը:

Բացատրելով իր դիտարկումը, նա նկատեց, որ սանկցիա նշանակելիս ոչ թե հանցագործություն կատարած անձի ազգանունը պետք է հաշվի առնվի, այլ կատարած հանցանքը:

«Արդարադատությունն, ընդհանուր առմամբ, պետք է իրականացվի արդար ձևով, թափանցիկ, կանխատեսելի: Այսինքն, պետք է մեծ հավանականությամբ հնարավորություն լինի կանխորոշել, եթե անձը կատարել է այս հանցանքը, ունի այս-ինչ բնութագիրը, ինչ կարող է սպասվել կատարած արարքի համար: Սակայն պատժի նշանակումն այդքան էլ կանխատեսլի չէ մեր դատարանների կողմից»,- մանրամասնեց Հ. Ալումյանը` փաստելով, որ նույն արարքի համար նույնիսկ նույն մեղմացնող ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները հաշվի առնելու դեպքում մի դատարանը նշանակում է երեք, մյուսը` հինգ տարի:

«Դա պայմանավորված է, որ օրենքով նախատեսված սանկցիաները լայն են` 2-5, 4-8 տարի ու թողնված է դատարանի հայեցողությանը, թեև դատարաններին տրված է չափանիշներ, որոնք դատավորները պետք է հաշի առնեն, բայց այսօր մենք չունենք միասնական պրակտիկա այդ չափանիշների կիրառման առումով»,- ասաց փաստաբանը:

Խնդրի լուծման համար, ըստ նրա, կա երկու ճանապարհ. կամ կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնց կողմնակից չէ, կամ դատական պրակտիկան ավելի ունիֆիկացվի. «Այսինքն նախ պետք է ավելի լավ ամփոփվի, թե պրակտիկայում կոնկրետ հանցագործություններով ինչ պատիժներ են նշանակվում` հաշվի առնելով, թե մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները ինչ չափով են ազդում դատավճիռների վրա»: Նրա կարծիքով, պետք է մշակվի միասնական ուղեցույց կամ գոնե խորհրդատվական բնույթ կրող ուղեցույց «եթե ոչ թղթի վրա, այլ գոնե գլխի մեջ, որպեսզի հասկանանք, թե մեր պաշտպաններին ինչ պատիժ կարող է սպասվել»: «Պատժողական քաղաքականության մեջ կա մի մեծ ստվեր, իսկ որտեղ կա ստվեր, կա կոռուպցիա»,- համզոված է Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը:

Placeholder
Փաստաբան. Հայաստանում պատժելիության քաղաքականությունը կանխատեսելի չէ