Լեզու և պատասխանատվություն
Քաղաքական
14:30 15/03/2013

Լեզու և պատասխանատվություն

Իր վերջին գործողություններով` Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը փաստացի մերժելով և հացադուլ հայտարարելով, Ր.Հովհաննիսյանն էլ ավելի մեծ անորոշության մատնեց իր համակիրներին: Ու թեև նրա քայլերը, կարծես թե, այլևս դուրս են որևէ ռացիոնալ տրամաբանությունից, բայց ամեն դեպքում նրա գլխավորած շարժմանը մոտ ապագայում սպասվող մի շարք իրողություններ տեսանելի են, և դրանք զարգացման տարբերակներն այսօր արդեն կարելի է քննարկել:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որը մեծ հավանականությամբ լինելու է Ր.Հովհաննիսյանի համար ոչ ցանկալի, նրան մնում է երկու տարբերակ. առաջինը` ընդունել այդ որոշումը որպես իր և իր համակիրների կողմից բարձրացրած հարցերի իրավական պատասխան, որն այլևս փոփոխման ենթական չէ, և այդ որոշումը համարել պայքարի տրամաբանական ավարտ: Սա թերևս կլինի ամենախելամիտ լուծումը, քանի որ երկրորդ տարբերակը՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո այդ որոշման բովանդակությանը հակադիր որևէ գործողության գնալը կարող է դիտարկվել որպես ընդհուպ մինչև պետական հեղաշրջման փորձ և դուրս գալ Ր.Հովհաննիսյանի կողմից բազմիցս ընդգծված «միայն օրենքի շրջանակներում» սկզբունքից:

Սահմանադրական այլ որոշում ակնկալել չի կարելի` հաշվի առնելով փաստերի սակավությունը, մեղադրանքների թույլ հիմնավորվածություն և ամենակարևորը՝ լեզուն, որով Սահմանադրական դատարանում հանդես էին գալիս Ր.Հովհաննիսյանի ներկայացուցիչները: Այդ լեզվում տեղի էին գտել հանրահավաքներում Ր.Հովհաննիսյանի կողմից օգտագործվող ձևակերպումներ, որոնք բացի նրանից, որ իրավական կատեգորիաներ չեն /ժողովրդին վերադարձնել իրավունքը, ապաշխարել, ժողովրդի հաղթանակ և այլն/, այլև զուտ բովանդակային առումով հստակեցման կարիք են զգում՝ հասկանալի դառնալու տեսակետից: Այդ արտահայտություններից մի քանիսը, թերևս ամենաշատ օգտագործվողները, արժանի են հատուկ ուշադրության, քանի որ չհստակեցվելու պարագայում կարող են զանգվածային մոլորությունների աղբյուր դառնալ:

Հաճախակի լսվող արտահայտություններից է «ժողովրդի իրավունքը»: Նախ, իրավունքը ժողովրդինը չէ, այլ քաղաքացունը: Իրավունք ունենալու համար պետք է լինել քաղաքացի: Խոսքը, բնականաբար, ազգային ինքնորոշման իրավունքի մասին չէ, և նախագահական ընտրություններն էլ, ըստ էության, այդ իրավունքի իրացման հետ չէ, որ կապված են: Խոսքն ընդամենը ընտրական իրավունքի մասին է, որը սահմանում է տվյալ երկրի քաղաքացու` ընտրելու և ընտրվելու իրավունքը, ոչ թե՝ տվյալ ժողովրդին պատկանող մարդու: Այդպես, ազգությամբ հայ, բայց մեկ այլ երկրի քաղաքացին, որը ՀՀ քաղաքացի չէ, բնականաբար, մեր երկրում ընտրելու և ընտրվելու իրավունք չունի, և հետընտրական գործընթացներում «ժողովրդի իրավունք» արտահայտությունն օգտագործելը սխալ է: Դա ոչ թե ժողովրդի /համայն հայ ժողովրդի/, այլ ՀՀ քաղաքացու իրավունքն է: Եվ դեռ մեծ հարց է` արդյոք ճիշտ կլինի՞, որ Հայաստանում ապրող մարդկանց ապագան որոշեն այլ երկրներում մշտապես բնակվող մեր քույերն ու եղբայրները: Այնպես որ «ժողովրդի իրավունք» և «ժողովրդի պայքար» արտահայտությունները հանրահավաքներին օգտագործվում են կեղծ իմաստներով:

Շատ է խոսվում նաև «ժողովրդի իշխանության» կամ «իշխանությունը ժողովրդին վերադարձնելու» մասին: Մինչդեռ իշխանությունը միշտ ժողովրդինն է /քաղաքացիներինը/, եթե կան ընտրված պաշտոնյային հետ կանչելու, նրան պաշտոնից զրկելու իրավական մեխանիզմներ: Իսկ Հայաստանի օրենսդրության մեջ այդպիսիք կան: Իսկ թե որքանով են մարդիկ օգտվում այդ մեխանիզմներից, դա այլ հարց է, և երկրի ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական լինելը չի չափվում նրանով, թե որքանով են քաղաքացիներն օգտվում իրենց իրավունքներից, այլ չափվում է նրանով, թե իրավունքի իրացման և խախտված իրավունքի վերականգնման մեխանիզմներ սահմանված են արդյոք օրենքով, թե ոչ, և արդյոք քաղաքական իշխանությունը երաշխավորում է անկողմնակալ արդարադատության: Եվ հետո, եթե խոսքը կրկին հայ ժողովրդի մասին է, ապա աշխարհի բոլոր անկյուններում ճակատագրի բերումով ապրող այդ ժողովրդի ի՞նչ իրավական կամ քաղաքական իշխանության մասին է խոսքը:

Եվ վերջապես՝ «ժողովրդի հաղթանակ» արտահայտությունը, որը թվարկվածների մեջ թերևս ամենավիճահարույցն է և սխալ ընկալման պարագայում՝ ամենավտանգավորը: Ժողովրդի հաղթանակի մասին ընդունված է խոսել, օրինակ, պատերազմի ժամանակ, որտեղ կամ թշնամի /մեկ այլ ժողովուրդ, կամ միացյալ բանակ, բայց ամեն դեպքում՝ մարդկանց խումբ/, որի նկատմամբ հաղթանակ է տարվում և որը հաղթանակից հետո համարվում է պարտված: Երկրորդ. նախագահի ընտրությունները պայքար են, ոչ թե պատերազմ, և այդ պայքարում կա հաղթող և պարտվող, որը սակայն ոչ թե ժողովուրդն է կամ նրա որևէ հատված, այլ կոնկրետ մարդիկ՝ թեկնածուները: Նրանցից մեկը հաղթում է, մյուսները՝ պարտվում, և այդ հաղթանակն ու պարտությունը ժողովրդին վերագրելը սխալ է: Առավել ևս «ժողովուրդ» հասկացությունը ընտրությունների առնչությամբ կիրառելիս պետք է զգույշ լինել այն պարզ պատճառով, որ նախագահական ընտրություններով ընտրվում է ոչ թե հայ ժողովրդի առաջնորդ, այլ միայն ՀՀ նախագահ:

Քաղաքական գործիչների լեզվում արտահայտվող բոլոր այս թյուրըմբռնումները և հասկացությունների կեղծումները կամ ժողովրդավարության սխալ ընկալման, կամ միտումնավոր խեղաթյուրման արդյունքն են, և լավ կլինի, որ պարզի, որ իրականում գործ ունենք առաջին տարբերակի հետ: Հանրային ցանկացած գործողություն ենթադրում է պատասխանատվություն, և եթե նույնիսկ ոչ իրավական, ապա առնվազն՝ բարոյական:

Մովսես Դեմիրճյան

Panorama.am-ը տեղեկացնում է, որ խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ:

Placeholder
Լեզու և պատասխանատվություն