Նախկին պատգամավոր. Ներկա գործընթացը հիշեցնում է վատ ներկայացում
Քաղաքական
14:08 18/03/2013

Նախկին պատգամավոր. Ներկա գործընթացը հիշեցնում է վատ ներկայացում

«Հայաստանյան ներկայիս հետընտրական զարգացումները որևէ իշխանափոխության չեն հանգեցնի, քանի որ իշխանությունը նվաճում են և ոչ թե սկուտեղի վրա ստանում»,- այսօրվա ասուլիսում մեկնաբանելով ներկայիս ներքաղաքական իրավիճակը կարծիք հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, շեշտելով, որ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները ճանաչվել են միջազգայնորեն:

«Հայ մարդը դեռ դժվար է հասկանում, որ իշխանությունն, ըստ էության, նվաճվում է:  Դա բարդ գործընթաց է, բայց բարդ է այն նաև պահպանելը։ Որևէ լիրիկական, «պուրակային զեղումների» կամ հացադուլի միջոցով իշխանություն երբեք չի մատուցվի սկուտեղի վրա»,- ասաց բանախոսը:

 Նրա կարծիքով` հետընտրական ներկա զարգացումները կարող են տալ զուտ մտահոգության առիթներ, սակայն ոչ ավել, քանի որ «ներկա գործընթացը իրեն հիշեցնում է վատ ներկայացում»:

«Ցանկացած ներկայացում լավն է, երբ դրա սցենարը տրամաբանական է, հիմնավոր և խոցելիություն չունի: Իսկ սա նման է ներկայացման, և, որպես դիտորդ ասեմ, ոչ այդքան էլ լավ ներկայացման»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Ըստ բանախոսի` շուրջ կեսմիլիոն ձայն ունեցող «Ժառանգությունը» Երևանի ավագանու ընտրության նախօրյակին պետք է ուժեղ մրցակցություն առաջ բերեր, սակայն ներկա զարգացումներն այլ ուղղությամբ են տանում:

«Երբ մարդը ներկայացում է գնում, ուզում է, որ սցենարը կուռ ու տրամաբանական լինի, ինչը այս դեպքում մենք չենք տեսնում»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Placeholder
Նախկին պատգամավոր. Ներկա գործընթացը հիշեցնում է վատ ներկայացում