«Դորիանս»-ի «Lonley planet»-ը մրցույթի Youtube-ի պաշտոնական էջից հանվել էր տեխնիկական խնդիրների պատճառով
Հասարակություն
16:57 21/03/2013

«Դորիանս»-ի «Lonley planet»-ը մրցույթի Youtube-ի պաշտոնական էջից հանվել էր տեխնիկական խնդիրների պատճառով

«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի «Lonley planet» երգը մրցույթի   Youtube-ի պաշտոնական էջից երկու անգամ հանվել է ոչ թե ադրբեջանական հակերների հարձակումների պատճառով, այլ տեխնիկական խնդիրների: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Դորիանս» խմբի մամուլի քարտուղար Դիանա Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Ֆեյսբուքյան Made in Armenia խումբն ահազանգել էր , որ մրցույթի  պաշտոնական էջը «ստիպված արդեն 3-րդ անգամ ջնջել է Դորիանսի վիդեոն Յութուբի պաշտոնական էջից, քանի որ ադրբեջանցիները «հարձակվել էին» վիդեոյի վրա ` վատ քոմմենտներով և դիսլայքերով»:

«Առաջին դեպքում խնդիրը տեխնիկական էր. մրցույթի պաշտոնական էջը վիդեոն տեղադրել էր ու որպես կատարող նշել Գոռ Սուջյանի անունը: Մենք խնդրեցինք հանել ու տեղադրել խմբի անունով` «Դորիանս»: Youtube-ից վիդեոն երկրորդ անգամ հանվեց այն պատճառնով, որ երգի տեսահոլովակում խմբի անդամ Էդգար Սահակյանի շապիկի վրա գրված break բառում տառասխալ է եղել (brake): Դա մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ շատ մարդիկ առավելությունների մեջ ավելի շատ նկատել էին այդ թերությունը: Ստիպված եղանք մոնտաժային աշխատանքներ կատարել ու ուղարկել առանց սխալի, որից հետո տեղադրվեց Youtube-ի պաշտոնական կայքում»,- հեռացման պատճառները ներկայացրեց Դ. Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Lonley planet երգի խոսքերի համահեղինակ Վարդան Զադոյանն է: Երգի երաժշտությունը գրել է Black Sabbath անգլիական ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին:

«Եվրատեսիլ-2013»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմո քաղաքում մայիսի 14-18-ը: Մրցույթին մասնակցում է 39 երկիր: Հայաստանի ներկայացուցիչը, վիճակահանության համաձայն, ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում:

Placeholder
«Դորիանս»-ի «Lonley planet»-ը մրցույթի Youtube-ի պաշտոնական էջից հանվել էր տեխնիկական խնդիրների պատճառով