«ԱրմենՏել»-ը աջակցում է մանկական երաժշտական կրթական ծրագրերին
Մշակույթ
15:17 21/03/2013

«ԱրմենՏել»-ը աջակցում է մանկական երաժշտական կրթական ծրագրերին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) շարունակում է համագործակցել Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից ստեղծված «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ և հայտարարում Հայաստանի մարզերի երաժշտական դպրոցների աշակերտների համար վարպետության դասերի և նոր համերգաշրջանի մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակում եռյակի երաժիշտներն անց են կացրել վարպետության դասեր Արամ Խաչատրյանի անվան Չարենցավանի երաժշտական դպրոցի սաների համար: Մեծն հայ երաժշտի 110- ամյակի առիթով կայացան նաև վարպետության դասեր Մակար Եկմալյանի անվան Էջմիածնի երաժշտական դպրոցում:

Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից հնչեցին մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները` Կոնցերտ-Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար, Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար: Մեկ տարվա ընթացքում նույն ծարագրով սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ երաժիշտները հանդես կգան Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի և Լիտվայի տարբեր քաղաքներում:
«Դժվար է գնահատել Արամ Խաչատրյանի ներդրումը հայկական մշակույթի մեջ: Մեր ընկերությունը բավականին երկար ժամանակ և հետևողականորեն աջակցում է մշակութային ծրագրերին` հոգալով աճող սերնդի վառ ապագայի մասին: Այդ իսկ պատճառով մենք չէինք կարող շրջանցել մեծանուն երաժշտի հոբելյանը: Վարպետության դասը և համերգը այն մշակութային միջոցառումների սկիզբն են, որոնք այս տարի կիրականացվեն «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ ոչ միայն Հայաստանում, այլ նաև ՀՀ սահմաններից դուրս»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

«Էջմիածնում կայացած վարպետության դասը և համերգը Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից հանդիսանում են Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի և «ԱրմենՏել» ընկերության համագործակցության բազմամյա ծրագրի մի մաս` ուղղված դասական երաժշտության խթանմանը և ՀՀ մարզերում կրթական համակարգի բարելավմանը: Մեծն հայ կոմպոզիտորի հոբելյանը հնարավորություն կընձեռի ավելի խորն ուսումնասիրել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, կատարել այն աշխատանքները, որոնք այդքան էլ լավ հայտնի չեն հասարակության լայն զանգվածներին, ինչպես իր ճանաչված գլուխգործոցները: Սա կարևոր է հատկապես Հայաստանի համար, քանի որ մենք ինքներս մինչև վերջ ծանոթ չենք նրա ստեղծագործություններին, որոնք մեծ ճանաչում բերեցին մեր երկրին և ազգին»,- նշել է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Շահգալդյանը:

Դասական երաժշտության զարգացման հիմնադրամին աջակցում է նաև «Կոնվերս բանկ» ՍՊԸ:

Placeholder
«ԱրմենՏել»-ը աջակցում է մանկական երաժշտական կրթական ծրագրերին