Ա.Շահբազյանը նեղացած չի. Իսկ ինչո՞ւ պետք է պարտադիր լինեի
Քաղաքական
14:20 22/03/2013

Ա.Շահբազյանը նեղացած չի. Իսկ ինչո՞ւ պետք է պարտադիր լինեի

Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ՀՅԴ ընտրացուցակում առկա 65 անուններից միայն հաշված անուններ են, որ հայտնի են հանրությանը` հատկապես առաջին եռյակը: Դաշնակցությունը, փաստորեն, առաջիկա ընտրությունների մասնակցությունից դուրս է թողել նաև այն կուսակցականներին, որոնք ոչ միայն հայտնի են հանրությանը, այլև ակտիվ գործունեություն են ծավալել օրենսդիրում` Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան, Արտյուշա Շահբազյան... Վերջինս Panorama.am-ի հետ զրույցում այս հանգամանքը պարզաբանեց բացառապես իր անձնական որոշմամբ. «Իսկ ինչո՞ւ պետք է պարտադիր լինեի: Ես ինքս էլ նման ցանկություն չեմ հայտնել»,- նշեց նա:

Ճշտող հարցին` իր հետ խոսե՞լ են, քննարկում եղել է ընդգրկել անունը ընտրացուցակում, Ա.Շահբազյանը նշեց, որ իր հետ խոսել են ու ինքն իմացել է ընտրացուցակի մասին. «Ինձ հարցրել են, ես ընթացքում իմացել եմ ինչ է կատարվում...որևէ խնդիր չկա, ոչ էլ նեղացած եմ»,- ասաց նա ու հարցին ի պատասխան, թե արդյո՞ք շարունակում է ակտիվ կուսակցական գործունեությունը դրական պատասխանեց ու հավելեց` դա նշանակում է ամեն տեղ պետք է լինե՞ս:

Ա.Շահբազյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է գնահատում կուսակցության ներկայացրած ընտրացուցակը, արդյո՞ք դրա ներուժը բավարար է հաղթանակ արձանագրելու համար. «Նորմալ եմ գնահատում` մարդկանց պետք է գնահատել: Նախ նշեմ, որ մարդիկ են, որոնք կուսակցության Երևանի կառույցն են ներկայացնում, նրանք մեզ հետ են եղել այս տարիների ընթացքում: Ու նաև կարող մարդիկ են... ես նայում եմ` հաջող ցուցակ է»,- նշեց նա:

ՀՅԴ խմբակցության նախկին քարտուղարը նաև ասաց, որ Դաշնակցության դեպքում բացառվում է, որ մի քանի հոգի նստեն ու ընտրացուցակ կազմեն և ՀՅԴ ընտրացուցակի կազմման ակտիվ գործունեություն է ծավալել Երևանի կառույցը. «Այդպես էլ պետք է լիներ և մենք այդ կառույցը չենք, որ մի քանի հոգի նստեն ոնց ուզեն ցուցակ կազմեն: Այնպես որ կարող եմ բնութագրել այսպես` ցուցակ է, որ ներկայացնում է Երևանի մեր կառույցը»,- հավելեց նա:

Placeholder
Ա.Շահբազյանը նեղացած չի. Իսկ ինչո՞ւ պետք է պարտադիր լինեի