Դեմոյանը պատասխանում է  Բախշյանի գրառմանը. Իմ ելույթը ակադեմիական չէր,
Քաղաքական
08:38 23/03/2013

Դեմոյանը պատասխանում է Բախշյանի գրառմանը. Իմ ելույթը ակադեմիական չէր,

 Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը panorama.am-ի լրագրողի խնդրանքով  անդրադարձավ «Ժառանգության» անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակներում իրեն պետք չեն գիտական ելույթներ:
 
«Որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար ես այս միջազգային գիտաժողովի բացմանը պետք է ներկայացնեի հանձնաժողովի կողմից իրակայնացված աշխատանքները և նշել եմ այս միջոցառման աշխատանքների երեք հիմնական ուղղությունների մասին: Իմ ելույթը ակադեմիական չէր, ես ներկայացրեցի այն, թե ինչ կար, ինչ կա ներկայումս և թե ինչ պետք է լինի», - ասաց նա` հավելելով, որ այս գիտաժողովում ելույթ ունեցողների մեծ մասը հայտնի գիտնականներ են ու միջոցառման ձևաչափը նախապես է որոշվել: 

Անդրադառնալով գիտաժողովում սպասվելիք ելույթների հնարավոր թեմայից շեղումներին՝ նա ասաց.«Մենք յուրաքանչյուր փորձագետի, ում հրավիրել ենք, դիմելու ենք կոնկրետ հարցով, թե ինչ է նա առաջարկում», - ապա  ավելացրեց, որ «պետք է հաշվի առնել մի հանգամանք, որ կան մարդիկ, որ բավական տարիքով են, և պետք է  հարգել նրանց»:

«Ինչպե՞ս կարելի է արհամարել մի մարդու, ով փորձ ունեցող է: Անշուշտ, բոլորն էլ իրենց կարծիքը կասեն, բայց չպետք է մոռանալ կարևոր հանգամանք. երբ ռազմավարության մասին է խոսք գնում, ամեն ինչ չէ, որ հրապարակման համար է: Կարելի է շատ բաների մասին խոսել, որը կարևոր է, բայց զուտ ծափահարությունների կամ գավեստի համար չէ դա արվում: Երբ արդյունք լինի, դրա մասին կազդարարվի»:

Ի դեպ, նշենք, որ թեև գրառումը վերաբերում էր միջազգային այս գիտաժողովին, բայց Անահիտ Բախշյանը, երևի շփոթելով, այն անվանել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի առաջին նիստ:

Նշենք, որ այս գիտաժողովը նպատակ է հետապնդում Մեծ Եղեռնի հարյուրամյակի նախօրեին քննարկումներ սկսել և եզրակացություններ տալ երեք հիմնական ուղղություններով տարվող աշխատանքներին:

Առաջինը՝ Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության և թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հետագա հեռանկարներն ու ուղղությունները, երկրորդը՝ ժխտողականության դեմ արդյունավետպայքար մղելու աշխատաեղանակներն ու հրամայականները և երրորդը՝ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների իրավահաջորդներին փոխհատուցման ու դրա հետ կապված խնդիրների իրավական հիմնավորումների քննարկում:

Գիտաժողովին մասնակցում են ոչ միայն հայտնի հայազգի պատմաբաններ, այլ նաև անվանի փորձագետներ,մասնավորապես՝ Վոլֆգանգ Գուստը և Թեսսա Հոֆմանը Գերմանիայից, Իսրայել Չառնին և Յաիր Աուրոն՝Իսրայելից, թուրք մտավորական Ռագըփ Զարակոլուն:
 

Placeholder
Դեմոյանը պատասխանում է Բախշյանի գրառմանը. Իմ ելույթը ակադեմիական չէր,