Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ներքին Կարմիրաղբյուրի տրակտորը տեղ չի հասել. Ծառուկյանն ամբողջությամբ չի կատարել խոստումը
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում կարտոֆիլի ցանքի աշխատանքների համար անհրաժեշտ Գագիկ Ծառուկյանի խոստացած տրակտորները տեղ չեն հասել: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ մի առիթով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները հետաքրքրվել են, թե գյուղն ինչ խնդիրներ ունի և երբ տեղեկացել են, որ տրակտոր է անհրաժեշտ խոստացել են ուղարկել: «Տրակտորը բերել են մարզ, բայց համայնքին չեն տվել, այլ տվել են իրենց ծանոթին, բարեկամին», -նկատեց Մանվել Կամենդատյանը` չմասնավորեցնելով, թե հատկապես ում են տվել:
Գյուղապետն ասաց, որ Տավուշի տարածաշրջանից ընտրված նախկին պատգամավոր Միքայել Վարդանյանը իրենց «լավ է նայել». Գազաֆիկացում ունեն, հանդիսությունների սրահն է կառուցվել, գույքն ունեն և եթե կարիք լինի կդիմեն, կարտոֆիլն էլ կունենան: «Մեր մոտ` սահմանում, կուսակցություն չկա: Եթե ուրիշները իմանում են, թե համայնքապետը իշխանամետ է, ոչ, նա աշխատում է ժողովրդի համար: Սահմանները միայն բանակը չէ, որ պետք է ամրանա: Այսպիսի նմանատիպ բաները հիասթափեցնում են ժողովրդին: Քանի որ նրանք բերել են ասել են կտան համայնքին ու չեն տվել, ինձ էլ հետաքրքիր չեն այդ տրակտորները», -հավելեց պարոն Կամենդատյանը:
Նշենք, որ ավելի վաղ նույն խնդիրն էր մատնանշել Ներքին Կարմիրաղբյուրի հարևան սահմանամերձ Այգեպար համայնքի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը: Նա, մասնավորապես, դժգոհել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Բերդի տարածաշրջանի կռույցի ղեկավար Նինա Ադամյանի ինքնագործունեությունից: «Մարդ չի հասկանում, եթե Ծառուկյանն ասում ա գյուղացու կողքին կանգնած ենք, գյուղացուն ուզում ենք հույս տալ ու որ Նինա Ադամյանը Ծառուկյանի անունից ասում ա, թե իրավունք չունեն, որ անիվավոր տրակտորն օգտագործեն, էլ ինչի՞ ա պետքը, եթե տրակտորը մեզ ա հատկացրել ու ամբողջ հեռուստատեսությամբ էլ հայտարարել ա էդ մասին: Կամ Նինա Ադամյանն է իր անունը ոտնահարում, կամ էլ ընկեր Ծառուկյանը տեղեկություն չունի ինչ է կատարվում»,- տարակուսանք էր հայտնել գյուղապետ Այդինյանը:
Հարակից հրապարակում. Ծառուկյանի տրակտորը մտահոգություններ է առաջացրել Այգեպարում