Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Առանձնահատուկ կրթության կարիք ունեցող երեխան հաշմանդամ չէ». քննարկումներ օրենքի շուրջ
«Հանրակրթության մասին օրենքը» Ազգային Ժողովում արդեն առաջին ընթերցմամբ անցել է, սակայն որոշակի մտահոգություններ այն դեռ իր մեջ պարունակում է: Դրանք քննարկելու, ինչպես նաև մինչև երկրորդ ընթերցումը նոր առաջարկություններ ներկայացնելու համար Հանրային ցանցն այսօր կազմակերպել էր «Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» հանրային քննարկում, որին մասնակցում էին ոլորտի պատասխանատուներ` ԱԺ-ից ու ԿԳ նախարարությունից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսուցիչներ և այլք:
Հանրային ցանցի համակարգող Թամարա Աբրահամյանը նշեց, որ քննարկումը միտված է որոշակի հստակ առաջարկներ առաջ քաշելուն, որոնք ավելի կլավացնեն օրենքի նախագիծը, իսկ երկրորդ նախապայմանն այն է, որ օրենքի ընդունման գործընթացում կարևորվի հանրային կարծիքը. «Երբ օրենքի նախագիծը դրվում է քննարկման, ապա հետադարձ կապը միշտ չէ, որ ապահովվում է, ինչն էլ հետագայում խոչընդոտում է քաղհասարակության մոտիվացմանը»,- նշեց Թ.Աբրահամյանը:
Անցնելով կոնկրետ օրենքի նախագծին, համակարգողը ընդգծեց, որ օրինագիծ մշակելու լոբբինգը առաջ է քաշվել հկ-ների կողմից: Օրենքի փոփոխություններում նախատեսված են դպրոցների կառավարմանը վերաբերող դրույթներ, որոնք առնչվում են տնօրեններին, ինչպես նաև կառավարման այլ օղակներում` ծնողական և աշակերտական խորհուրդներին վերաբերող փոփոխություններ:
ԿԳ նախարարության իրավաբանական հանրակրթական վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանն էլ, նախ, ելույթը սկսեց անհամաձայնություն հայտնելով, թե քաղաքացիական հասարակությունը ակտիվ չէ և որպես օրինակ մատնանշեց ներառական կրթական համակարգի ներդրումը և առհասարակ` հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման բարելավմանը: Հիշատակեց նաև 1999թ-ը, երբ ընդունվեց կրթության մասին մայր օրենքը, որում էլ ամրագրվեց հասարակական կազմակերպությունների դերի ակտիվացումը կրթական ոլորտում:
Հանրային ցանցի ներկայացված հարցադրումները և դիտարկումները առաջնային վերաբերում են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության իրավունքին: Մասնավորապես` առաջարկվում է օրենքի 2-րդ հոդվածից հանել «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» արտահայտությունը և փոխարինել այն «Հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձանց կրթության մասին»-ով:
Սակայն ԿԳ նախարարության ներկայացուցիչը դեմ է դրան. «Ես կատեգորիկ դեմ եմ այս ամրագրմանը` հաշմանդամություն ունեցող երեխա: Ես համոզված եմ, որ եթե մենք ճիշտ աշխատենք առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի հետ, նա հնարավոր է երբեք էլ չունենա հաշմանդամություն: Օրինակ, երեխան, որ խնդիր ունի խոսելու հետ, նա հաշմանդա՞մ է. ոչ»,- ընդգծեց նա:
Նշենք, հանրային քննարկումը կազմակերպվել է պետական կառույցների ու Ազգային Ժողովի հետ համագործակցող Հանրային ցանցի կողմից: Սակայն Ազգային Ժողովի Կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կամ նրա տեղակալը, կամ այլ պատգամավորներ քննարկմանը ներկա չէին, ԿԳ նախարարությունն էլ ներկայացված էր մասնագետի մակարդակով: Վերջինս էլ իր խոսքում նշեց, որ իր իրավասությունների մեջ «այնքան էլ չի մտնում օրենքի փոփոխություններ ներկայացնելը, բայց….»: