Հ. Հովհաննիսյան. «Ժողովուրդը խաղալիք չէ, որ երբ ցանկանաս ասել «ֆու», երբ ցանկանաս ասել՝ «ֆաս»»
Քաղաքական
14:16 01/04/2013

Հ. Հովհաննիսյան. «Ժողովուրդը խաղալիք չէ, որ երբ ցանկանաս ասել «ֆու», երբ ցանկանաս ասել՝ «ֆաս»»

«Ընտրություններից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ միայն իր դիակի վրայով Սերժ Սարգսյանը կկարողանա երդում տալ և դրան զուգահեռ հացադուլ հայտարարեց: Սկզբում հայտարարվեց, որ հացադուլը քաղաքական պայքարի ձև է, ծոմ չէ, իսկ երբ հացադուլից դուրս եկավ, հայտարարեց, որ դա ծոմ էր և որպես քրիստոնյա է կատարում այդ քայլը: Այստեղ հակասական ինքնագնահատականներ էին, սակայն դա միակ հակասական մոտեցումը չէ, որ ցուցաբերել է Րաֆֆի Հովհաննիսյանը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, նշեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր պայքարի ընթացքում սրբագրումներ կատարեց և առաջարկեց Սերժ Սարգսյանին կիսել իշխանությունը, որին հետևեց «ճղճիմ գործընթաց», թե ով է արժանի լինել կառավարությունում, ինչ-որ պաշտոնների շուրջ խոսակցություններ, ինչը էապես թուլացրեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների դիրքերը:

«Այս ամենի արդյունքում ընտրություններից հետո հրապարակում ստեղծված զգացմունքային, էներգետիկայով լի մթնոլորտը կարծես լիցքաթափվեց, պարպվեց այդ էներգիան և պարպվեց ոչ թե այն պատճառով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը արդյունավետ չէր, այլ այն պատճառով, որ այդ հացադուլի շուրջ հրապարակում սկսվեցին ժողովրդի մեջ կասկածներ առաջացնող գործընթացներ: Իշխանությունն ու հրապարակը հակադիր հասկացություններ են: Երբ համաժողովրդական շարժման առաջնորդները մտնում են իշխանությունների հետ սակարկելու դաշտ, ինչպես դա եղավ ՀԱԿ-ի հետ, ժողովուրդը սկսում է խորթանալ և հիասթափվել»,- ասաց քաղաքագետը:

Վերջինս անհասականալի որակեց, թե ի՞նչ է ասել իշխանությունը կիսել ժողովրդի հետ, երբ Սամանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետևաբար, ըստ նրա, կամ իշխանությունը վերադարձնում են ժողովրդին, կամ օտարում ժողովրդից:

«Եթե համոզված ես, որ իշխանությունը գողացել է, ուզուրպացրել է, ոտնահարելով ժողովրդի կամքը՝ իրացրել է իշխանությունը, ապա այդ դեպքում դու ինչպե՞ս պետք է նրա հետ բանակցես իշխանությունը կիսելու հարցով: Եթե համարում ես, որ դիմացինդ ավազակ է, ով գողացել է իշխանությունը, ապա ինչպե՞ս ես առաջարկում այդ ավարը կիսել: Գողը կարող է կիսել ավարը միայն գողի հետ, բայց ոչ ժողովրդի»,- նշեց Հ. Հովհաննիսյանը:

Քաղաքագետը հիշեցրեց ՀԱԿ-ի և իշխանությունների միջև սկսված երկխոսությունը և ընդգծեց. «Լևոն Զուրաբյանը հայտարարում էր, որ ջրբաժանը կա ու կա, մենք հիմա կգնանք-կերկխոսենք և եթե տեսնենք, որ այս ճանապարհը հաջողությամբ չի պսակվում, նորից ջրբաժան կհայտարարենք: Ես այն ժամանակ առարկեցի՝ ասելով, որ ժողովուրդը խաղալիք չէ, որ երբ ցանկանաս ասել «ֆու», երբ ցանկանաս ասել՝ «ֆաս»: Ժողովուրդն ունի ինքնասիրություն: Եթե ասում ենք, որ ջրբաժանը կա ու կա և ժողովրդին ժամանակավորապես տուն ենք ուղարկում, նշանակում է, որ ժողովուրդը կգնա տուն և այլևս չի վերադառնա»:

Ըստ նրա, այս ամենը հասկանալով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլից դուրս գալուց հետո հայտարարում է «հերթական տուռնե» Հայաստանի մարզերում՝ չնայած այսօր նա ունի խնդիր վերահաստատելու իր հաջողությունը նախագահական ընտրություններում, քանի որ, քաղաքագետի համոզմամբ, ընդդիմադիր մյուս ուժերը փորձում են վիճարկել ընդդիմադիր շարժման առանցքային դերում հանդես գալու Րաֆֆի Հովհաննիսյանի իրավունքը:

Placeholder
Հ. Հովհաննիսյան. «Ժողովուրդը խաղալիք չէ, որ երբ ցանկանաս ասել «ֆու», երբ ցանկանաս ասել՝ «ֆաս»»