Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թատերական գործիչ և ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը պատաստվում է իր թեկնածությունը դնել հաջորդ նախագահական ընտրություններում: «Ես կներկայանամ 4 դրույթների վրա հիմնված ծրագրով. նախ` ես կհամագործակցեմ մասոնների հետ` որպեսզի իմ վրա մահափորձ լինի, այնուհետ ես նոր էպոս կգրեմ, կփորձեմ մեկի կյանքը փրկել ինքաթիռում, որից հետո 3 ամիս կնստեմ հացադուլի, որպեսզի ազգը ևս մի ախմախից ազատվի», - ասաց նա այսօրվա ասուլիսի ժամանակ` որպես ապրիլմեկյան կատակ, իսկ որպես իրականություն` ռեժիսյորն իր դժգոհություն հայտնեց հայաստանյան հումորային ներկայացումներից՝ նշելով, որ դրանք կորցրել են իրենց նրբագեղությունը և միտված են հաճոյանալու «կրթական ցածր որակի»:
«Հումորը պետք է լինի նուրբ, ունենա շերտեր: Մեր ազգային նուրբ հումորի լավագույն օրինակ կարելի է տեսնել Հովհաննես Թումանյանի մոտ: Դրա մի օրինակներից է «Կիկոսի մահը»: Իսկ այսօր ներկայացվող հյումորը մի քիչ բաց է, «ափաշքյարա», - նշեց բանախոսը: Նրա խոսքով` երիտասարդ երգիծաբանների, հումորային ակումբների ներկայացումներում բացակայում է հենց ռացիոնալությունը, «կատակները» և «հումորը» առաջացնում են ոչ թե ժպիտ կամ իմաստալի ծիծաղ, այլ հիստերիա և «խրխնջոց»:
«Տխուր է, բայց «ափաշքյարան» գալիս է անգրագիտությունից, քիչ պատրաստվածությունից, ռուսի ասած՝ «տապոռ հումոր» է: Արիստոկրատը նման էժան հումոր չէր անի։ Մեզ մոտ շատ-շատ բաներ դրա հետևանք է։ Ցավոք, շատ քիչ են կարդում, համարյա չեն կարդում», - ասաց նա, մտահոգություն հայտնելով, որ հասարակության տարբեր շերտերում այսօր հումորի թելադրողը հեռուստատեսային անիմաստ հումորներն են։ Այդ տեսանկյունից նա դժգոհություն հայտնեց, որ հայտնի «КВН» խաղը վերածվեց շոուների, իսկ դրա նախկին խաղացողները` շոումենների, թերևս, ոչ այնքան փայլուն հումորով:
«32 ատամ է , ինչ է, մեկ-մեկ նայում եմ, դահլիճը «հա-հա-հա», ծիծաղում է, ասում եմ՝ կա՛մ ես եմ հիմար, կա՛մ ազգս` խելագար։ Դե, համեստանամ ու ասեմ, որ դժվար թե ազգը լինի: Այ, այսպիսի բաց հումոր է»,-նշեց նա։
Թատերական գործչի գնահատմամբ` հայերն այսօր կորցրել են տոնակատարության իրական ոգին: «Հայերը քեֆ էլ չեն կարող անել: «Տաշի~» կամ այլ նման վայրագ բացականչություններով, հարսանիքներում պարտադիր բերդպարերով` ուրախ տրամարդրություն չի արտահայտվում», - ասաց նա, և հավելեց, որ հայերի մյուս և հակադարձ գիծը «լացելն է»:
«Պետք է սովորել թեթև ապրել, չբարդացնել կյանքը, ամենածանր բաներն էլ թեթև տանել: Ժողովուրդն անընդհատ ասում է, թե վատ է ապրում, բայց մեքենա կանգնեցնելու տեղ չկա: Կամ թե ինչու է պետք տարիներով լացել և ասել «Եղեռն, Եղեռն»: Պարզապես պետք է ծրագիր ունենալ և իմանալ, թե ինչ ենք անելու, որ վերացնենք դրա հետրանքները և ամբողջ աշխարհն ընդունի դա», - ասաց Ն. Ծատուրյանը:
Բանախոսի կարծիքով` պետությունը պետք է առաջնորդի թատրոնը, առաջադրի հանդես գալ սոցիալական խնդիրներ ունեցող ներկյացումներով, և այդ դեպքում թատրոնը կվերականգնի իր դաստիարակչական դեմքը: Իսկ ներկայումս, ըստ ռեժիսորի, թատրոնին ոչինչ չի մնում, քան նմանակել դառը իրականությունը:
«Թատրոնը չի մեռնի, քանի դեռ կա խորհրդարանը, ամենամեծ թատրոնն այնտեղ է», - ասաց բանախոսը: Նրա խոսքով` Հայաստանում Հումորի միջազգային օրն այսօր ընկալվում է որպես զուտ խաբելու օր, բայց դա այդպես չպիտի լիներ: «Ապրիլի 1–ը չի կարող խաբելու օր լինել, որովհետև մեզ մոտ 364 օրն էլ խաբելու օր է»,- ասաց նա։