Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու խումբ մասնակցեց տարբեր երկրներում զուգահեռաբար անցկացված միջազգային բարձր կարգի մրցաշարերի:
Ուկրաինայի Խերսոն քաղաքում հեղինակավոր մրցակիցների հետ մենամարտեց գյումրեցի Հովհաննես Բաչկովը (60 կգ): Նա անկոտրում կամք դրսևորեց օլիմպիական խաղերի մասնակիցների նկատմամբ: Հաղթեց, օրինակ, լոնդոնյան մարզահանդեսի հինգերորդ մրցանակակիր, ուզբեկ Գաիբ Նազարովին, ուկրաինացի Օլեգ Չեռնյակին, իսկ խերսոնցի Պավել Իշչենկոյի հետ եզրափակիչ մենամարտում մրցավարները միավորների չնչին տարբերությամբ հաղթանակը շնորհեցին տանտիրոջը: Բայց գրաված երկրորդ տեղը նույնպես պատվաբեր է շնորհալի գյումրեցու համար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Դժգոհելու տեղիք չտվեցին նաև Ղազախստանի Ուրալսկ քաղաքի միջազգայինում հանդես եկած մեր տղաները: Երևանցիներ Կորյուն Սողոմոնյանը (49 կգ) և Ազատ Դավթյանը (91 կգ) կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:
Ավելացնենք, որ այս մրցաշարերը Հայաստանի բռնցքամարտիկների համար մայիսի 31-ին Մինսկում մեկնարկելիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլերից էին: