Աշոտյանը՝ Երիցյանին. «Ընտրարշավից հետո կվերադառնաք աշխատանքի և  միասին կքննարկենք բուհերի հարցը»
Կրթություն, գիտություն
16:30 04/04/2013

Աշոտյանը՝ Երիցյանին. «Ընտրարշավից հետո կվերադառնաք աշխատանքի և միասին կքննարկենք բուհերի հարցը»

ՀՀ կառավարությունը փոխել է ՀՀ կրթական ծրագրերի արտոնագրման կարգերը` համայնքային ոչ առևտրային նախադպրոցական կազմակերպություններին լրացուցիչ ժամանակ տրամադրելով ապահովելու արտոնագրման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց նաև բուհերի 2013-2014 թթ. ուսումնական տարվա` ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստի ձևով վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության տեղերը, ինչպես նաև 2013-2014 թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը։

Արձանագրելով այն իրողությունը, որ տարբեր ուղղվածություն, մասնագիտացում ունեցող բուհերը, շուկայական պահանջարկից օգտվելով, սկսում են իրենց բուհի մասնագիտացմանը ոչ բնորոշ մասնագիտությամբ կադրեր պատրաստել, վարչապետը տվյալ հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին առաջարկեց հստակեցնել այս խնդրում նախարարության որդեգրած ռազմավարությունը և դրա հնարավոր փոփոխությունը։

Միևնույն ժամանակ, Տիգրան Սարգսյանի կարծիքով` պետությունը պետք է էապես խստացնի իր վերահսկողությունը կադրերի որակի նկատմամբ։ Քննարկման ժամանակ օրինակ է բերվել ՏՏ ոլորտը, որտեղ տարեկան կա հազար և ավելի մասնագետի կարիք` ի տարբերություն իրավաբանի, տնտեսագետի և մի քանի այլ մասնագիտությունների, որոնցով աշխատաշուկան հագեցած է։

«ՏՏ ոլորտը համարվում է հանրապետությունում գերակա, սակայն անվճար տեղերի առումով, կարծես տեղաշարժ չկա: Մինչդեռ ծրագրավորողների պակասը դառնալու է թիվ մեկ խոչընդոտը ՏՏ ոլորտի զարգացման համար: Կյանքը փոխվել է, պարոն Աշոտյան»,- ասաց վարչապետը:

Քննարկմանը մասնակցեցին նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Վերջինիս խոսքերով՝ իրենք ևս այս հարցում խնդիրներ ունեն, քանի որ այսօր փրկարարներ են պատրաստում պոլիտեխնիկ և ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտները, որոնք չունեն համապատասխան մասնագետներ: Մինչդեռ ունեն ակադեմիա, որը լիրաժեք կադրեր է պատրաստում: «Սա լուրջ պրոբլեմ է»,- ասաց Ա.Երիցյանը:

Արմեն Աշոտյանը նշեց, որ առաջին անգամ է այս մասին լսում: «Կարծում եմ, որ պարոն նախարարը ընտրարշավից հետո կվերադառնա աշխատանքի և մենք միասին կքննարկենք այդ հարցը»,- ասաց Աշոտյանը:
 

Placeholder
Աշոտյանը՝ Երիցյանին. «Ընտրարշավից հետո կվերադառնաք աշխատանքի և միասին կքննարկենք բուհերի հարցը»