Հոբելյանական «Կենգուրուն» մեկնարկեց, գրանցվել է աննախադեպ մասնակցություն
Կրթություն, գիտություն
15:07 04/04/2013

Հոբելյանական «Կենգուրուն» մեկնարկեց, գրանցվել է աննախադեպ մասնակցություն

Հայաստանի և Արցախի 960 դպրոցներում այսօր մեկնարկեց «Կենգուրու» մրցույթը, որն հայկական երկու հանրապետություններում արդեն հինգերորդ տարին անցկացվում է «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով: Ինչպես Panorama.am-ին հայտնեց «Այբ» կրթական հիմնադրամի «Կենգուրու» ծրագրի համակարգող և զարգացման պատասխանատու Շողիկ Մկրտչյանը, այս հոբելյանական տարում մասնակցության հայտ է ներկայացրել 39 600 հայ աշակերտ: Նա նաև կարևորեց, որ այս անգամ շատ հայտեր կան Արցախից` 39 դպրոց: Համակարգողի խոսքով` ներկայիս մասնակցությունն աննախադեպ է:

Մրցույթին կարող է մասնակցել 3-12-րդ դասարանների ցանկացած աշակերտ` անկախ առաջադիմությունից: «Սա խաղ մրցույթ է, որին կարող են մասնակցել բոլոր  երեխաները: Որևէ նախնական ընտրություն չի կատարվում: 3-4 դասարանների աշակերտների համար տրվում են մաթեմատիկայից տրամաբանական 24, իսկ 5-12 դասարանների` 30 խնդիրներ»:

«Խնդիրները դրվում են հեշտից դեպի բարդը, ընդ որում բոլոր դպրոցներն ունենում են գոնե մեկ մրցանակակիր, որոնց ընդհանուր թիվն անսահմանափակ է:  Բոլոր կամ առավելագույն հանձնարարությունները հաղթահարած աշակերտին տրվում է համապատասխան մրցանակ, ինչպես նաև` վաստակած միավորներով հավաստագիր», - ասաց նա, հայտնելով, որ հայաստանյան որոշ ուսումնական հաստատություններ որոշ արտոնություններ են տալիս մրցույթի դիպլոմակիրներին:  

Հարցին, թե ինչ է տալիս մասնակցությունը աշակերտին, մեր զրուցակիցն ասաց. «Աշակերտը մասնակից է դառնում մի տոնի գաղափարի, քանի որ «Կենգուրուն» միջազգային մրցույթ է և անցկացվում է աշխարհի շուրջ 50 երկրներում: Հայ երեխան դրանով մասնակից է զգում այդ վիրտուալ իրականությանը, հասկանալով, որ իր հետ մասնակցում են մի քանի միլիոն այլ աշակերտներ: Բացի այդ, նա անպայման մրցույթի օրը հուշանվեր է ստանում: Դա նաև ինքնարտահայտվելու լավագույն միջոց է, քանի որ կարող է մասնակցել նույնիսկ ոչ բավարար առաջադիմություն ունեցող աշակերտ», - ասաց Շողիկ Մկրտչյանը, նշելով, որ մրցույթի մրցանակակիրները մասնակցում են նաև արտերկրում ընթացող ֆորումների և ճամբարների: 

Placeholder
Հոբելյանական «Կենգուրուն» մեկնարկեց, գրանցվել է աննախադեպ մասնակցություն