Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում շահագործման է հանձնվելու երկու շենք` չորրորդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար
Այս տարվա ընթացքում Երևանի համայնքային բյուջեով 23 միլիարդ դրամի բարեկարգման, կանաչապատման, նորոգման, հիմնանորոգման, վերանորգման աշխատանքներ են իրականացվելու: Աշխատանքներ իրականացվելու են Երևանի բոլոր վարչական համայնքներում բոլոր ուղղություններով` առանց խտրականության` ապահովելով վարչական շրջանների համաչափ զարգացում: Այս մասին ասուլիսում հայտարարեց ու վստահեցրեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Նրա ներկայացմամբ, ամենամեծ բաղադրիչներից մեկը փողոցների ասֆալտբետոնյա ծածկի վերանորգման ու հիմնանորոգման աշխատանքներն են: Ընդհանուր առմամբ, իրականացվելու են 2,5 միլիոն քմ ծավալի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքներ:
Շարունակվելու են բակային տարածքների ասֆալտապատման, արտաքին լուսավորության ցանցի ստեղծման աշխատանները, ստեղծվելու են հանգստի գոտիներ, շահագործման է հանձնվելու 18 ֆուտբոլի դաշտ: Տարվա ընթացքում շահագործման է հանձնվելու ճանապարահային ու տրանսպորտային խնդիրներ լուծող կարևորագույն երկու մայրուղի` Իսկաով-Լենինգրադյան և Ունեցի-Ռուբինյան:
Մայրաքաղաքի կամրջային կառույցների նկատմամբ իրականացվում է վերանորոգման աշխատանքները: Նորոգման աշխատաքների ցանկում ընդգրկված է Քրիստափորի փողոցում գտնվող («Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ) կամուրջը: Մայրաքաղաքի վերգետնյա անցումները կհամալրվեն ևս 8-ով: Տարվա ընթացում բարեկարգվելու են նաև մայթերը:
Կ. Արեյանի խոսքով, առանձնակի կարևորության խնդիր է բնակարանային շինարարությունը չորրորդ աստիճանի վթարային շենքերի համար: Այս պահի դրությամբ գույքագրված է անհետաձգելի քանդման ենթակա 10 շենք, որոնցում 485 բնակարան է ներառված: Վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար այս տարվա ընթացքում շահագործման կհանձնվի երկու շենք 226 բնակարանով: Փոխքաղաքապետն ասաց, որ ծրագիրը շարունակական է լինելու:
Երևանի քաղաքապետի առաջարկությամբ ու նախաձեռնությամբ առաջին անգամ համայնքային բյուջեում ներառված է թեքահարթակների կառուցման ծրագիրը: 20 միլիոն դրամ է նախատեսված մոտ 196 թեքահարթակ կառուցելու համար:
Այս տարվա ընթացքում Երևանում կառուցվելու է ոռոգման նոր ցանց, ավելանալու են կանաչապատ տարածքները` սիզամարգերի ծավալները` 12 հեկտարով, ծաղկազարդ տարածքները` 1,5 հեկտարով:
Նախադպրոցական 28 ուսումնական հաստատությունների վերանորգման աշխատանքները են ընթանում: Այս տարի կավարտնի նաև մշակութային բոլոր օջախների ջեռուցման ծրագիրը: