«Ոստիկանները էնպես են քշել, որ կոշիկիս մեկը դուրս էր եկել հագիցս». Միջադեպի ժամանակ տուժել է «Առավոտ»-ի լրագրողը
Իրավունք
16:38 09/04/2013

«Ոստիկանները էնպես են քշել, որ կոշիկիս մեկը դուրս էր եկել հագիցս». Միջադեպի ժամանակ տուժել է «Առավոտ»-ի լրագրողը

Բաղրամյան 26-ում այսօր բողոքի ակցիա իրականացրած ակտիվիստների ու հսկողություն իրականացնող ոստիկանների միջև քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է «Առավոտ»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Հռիսիմեն պատմեց, որ ակտիվիստների բողոքի ակցիան լուսաբանելու ընթացքում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել իր նկատմամբ: «Ոստիկանները սկսեցին հավաքված ակտիվիստների ձեռքերը ոլորել` պնդելով հեռանալ տարածքից: Սակայն մարդիկ չէին գնում և մեկ էլ մի ոստիկան ասեց ղդիկ ունեն, ղդիկ տվեք: Սկսեցին իբր ղդիկ տալ ու կին տղամարդ չէին ճանաչում, բոլորին ուղղակի քշելով փորձում էին հեռացնել տարածքից: Էնպես են քշել, որ կոշիկիս մեկը դուրս էր եկել հագիցս, պայուսակս մի կողմ էր ընկել, ապարատս հազիվ էի պահում, որ չընկներ, ձեռքերս քսվել էին գետնին ու հիմա վնասվել են», -պատմեց «Առավոտի» թղթակիցը:

Նրա խոսքով, մոտ քսան մարդու ոստիկանները «քշեցին» Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ, որտեղ եկել են Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը և Զարուհի Փոստանջյանը: Վերջինը հորդորել է ակտիվիստներին վերադառնալ Ազատության հրապարակ, որտեղ գտնվում է իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն ակտիվիստները չեն ենթարկվել Փոստանջյանի հորդորին` ասելով «Մենք առաջնորդ չունենք»: 

Հռիփսիմեն ասաց, որ այժմ իրեն նորմալ է զգում, թեպետ ձեռքերը վնասվել են: 

 

Placeholder
«Ոստիկանները էնպես են քշել, որ կոշիկիս մեկը դուրս էր եկել հագիցս». Միջադեպի ժամանակ տուժել է «Առավոտ»-ի լրագրողը