Իրանի Բուշեհր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը
Տարածաշրջան
11:42 10/04/2013

Իրանի Բուշեհր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը

Իրանի Բուշեհր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 37 մարդ է զոհվել, 850-ը՝ վիրավորվել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Ինչպես արդեն հաղորդել էր Panorama.am-ը՝  նախօրեին 16:22 րոպեին Իրանի հարավում՝ Պարսից ծոցի ափին գտնվող Բուշեհր նահանգում տեղի էր ունեցել 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգացվել էր նաև Քաթարում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում և Արաբական Միացյալ Էմիրություններում:

Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բուշեհրում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ), նշելով, որ Բուշեհրի ատոմակայանից ընդամենը 91 կմ հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժն ատոմակայանին վնասներ չի հասցրել և ռադիոակտիվ նյութերի արտահոսք տեղի չի ունեցել:

Բուշեհրի նահանգապետ Ֆերեյդուն Հասանվանդը «ՄԵՀՐ»-ի հետ զրույցում նշել է, որ շուրջ 700 բնակելի տներ 100 տոկոսով ավիրվել են, իսկ մնացած կառույցները վնասվել են 30-40 տոկոսով:

Տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ ցավակցական ուղերձներ են հղել ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:

Բուշեհրում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Ղոլամալի Սաֆային Բուշեհրում եռօրյա սուգ է հայտարարել:

Placeholder
Իրանի Բուշեհր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը