ԿԳՆ. Հայաստան-Ուկրաինա` նոր հեռանկարներ
Կրթություն, գիտություն
12:15 15/04/2013

ԿԳՆ. Հայաստան-Ուկրաինա` նոր հեռանկարներ

Ավարտվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի եռօրյա այցը Ուկրաինա, որի ընթացքում նախարարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Դմիտրի Տաբաչնիկի հետ: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, քննարկման օրակարգում են եղել կրթական համագործակցության ընդլայնման և երկկողմանի հարաբերությունների խորացման հարցերը` հատկապես միջբուհական համագործակցության ոլորտում:

Կողմերը ներկայացրել են երկու երկրներում ընթացող կրթական բարեփոխումների ընթացքը և կուտակած փորձը: Քննարկվել են նաև երկու երկրների միջև կապերի ամրապնդման հարցերը միջազգային կրթական հարթակներում, մասնավորապես, ԱՊՀ և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքներում: Հանդիպման ընթացքում կարևորվել է Արևելյան Գործընկերության շրջանակում առավել համաձայնեցված աշխատանքի անհրաժեշտությունը:

Նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել` Ղրիմի մի շարք դպրոցներում հայերենի դասավանդումն ապահովելու և իրականացնելու համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել՝ աջակցելու վերոնշյալ ծրագրի հետագա ընդլայնմանը: Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն իր ուկրաինական գործընկերոջը հրավիրել է Երևան` մասնակցելու Եվրոպայի Խորհրդի շրջանականերում կազմակերպվելիք Արևելյան Գործընկերության երկրների նախարարական գագաթաժողովին:
 

Placeholder
ԿԳՆ. Հայաստան-Ուկրաինա` նոր հեռանկարներ